Ռուս-ուկրաինական բանակցությունների III փուլն ավարտվել է
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնում է Բելառուսում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը, փոխանցում է РИА Новости-ն։
Հանդիպումը տևել է մոտ 3 ժամ։ Այն անցկացվել է Բելառուսի Բրեստի մարզում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական և ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը բանակցություններից հետո հայտարարել է, որ մարդասիրական միջանցքների նյութատեխնիկական ապահովումը բարելավելու հարցում կա փոքր առաջընթաց։ Նա հայտնել է էական արդյունքների բացակայության մասին, սակայն նշել, որ կրակի դադարեցման հարցերով խորհրդակցությունները կշարունակվեն։
Մոսկվայի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին իր հերթին հայտնել է, որ բանակցություններից ռուսական կողմի սպասումները չեն արդարացել։
«Հուսով ենք, որ հաջորդ անգամ կկարողանանք ավելի էական քայլեր կատարել դեպի առաջ։ Բանակցությունները կշարունակվեն»,-ասել է նա, փոխանցում է TASS-ը։
Մեդինսկու խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ երեքշաբթիից սկսած Ուկրաինայում մարդասիրական միջանցքները վերջապես կաշխատեն, դրանում ռուսական կողմին վստահեցրել է ուկրաինական պատվիրակությունը։