Հակառուսական պատժամիջոցները կխստացվեն. նոր համաձայնություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի իր գործընկեր Ջո Բայդենի հետ։ Ինչպես հայտնել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, առաջնորդները պայմանավորվել են ուժեղացնել հակառուսական պատժամիջոցները։
«Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են խստացնել Ռուսաստանի դեմ արդեն իսկ ընդունված պատժամիջոցները, աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և համատեղ ձեռնարկել բոլոր օգտակար նախաձեռնությունները՝ դադարեցնելու ռազմական գործողությունները: Նրանք կշարունակեն սերտ շփումները այդ հարցի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զրույցում Մակրոնը նաև ցավակցություն է հայտնել Բայդենին Ուկրաինայում ամերիկացի լրագրող Բրենտ Ռենոյի մահվան կապակցությամբ։
Ղեկավարներն անդրադարձել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների թեմային։
«Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքը: Նրանք կշարունակեն համակարգել իրենց գործողությունները առաջիկա օրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։