Միջազգային դոնորները 9,1 միլիարդ եվրո կհատկացնեն Ուկրաինային
Միջազգային դոնորները Ուկրաինային և ուկրաինացիներին կտրամադրեն 9,1 միլիարդ եվրո։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների տեղեկություններով, Վարշավայում տեղի է ունեցել միջազգային դոնորների համաժողով, որը կազմակերպել է Եվրամիությունը։ Միջազգային կազմակերպությունները, տարբեր երկրների կառավարությունները և խոշոր ընկերությունները պայմանավորվել են Ուկրաինային 9,1 միլիարդ եվրո հատկացնել։ Ըստ լրատվամիջոցի, այս գումարից 4,1 մլրդ եվրոն փոխանցվելու է Ուկրաինայի պետբյուջե և լինելու է դրամաշնորհային օգնություն, որը Ուկրաինան պարտավոր չի լինի մարել, իսկ մնացած 5 մլրդ եվրոն կտրամադրվի որպես վարկ։
«Այսօր մենք հավաքել ենք 9,1 միլիարդ եվրո այն մարդկանց համար, ովքեր փախչում են ներխուժումից՝ և՛ նրանց, ովքեր մնացել են Ուկրաինայում, և՛ նրանց, ովքեր մեկնել են արտերկիր: Մենք կշարունակենք աջակցել դրան»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ուկրաինացի փախստականներին օգնելու համար դոնորների համաժողով է անցկացվել, սակայն Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ նախատեսվում է միջոցներ հայթայթել Ուկրաինայի ենթակառուցվածքների վերականգնման համար։