Ճապոնիան հավելյալ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Ճապոնիան հավելյալ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ 398 ֆիզիկական անձանց և 28 կազմակերպությունների դեմ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ճապոնիայի ԱԳՆ-ին։
Ֆիզիկական անձանց թվում, որոնց ակտիվները սառեցնում է Տոկիոն, Պետդումայի անդամներ են, այդ թվում՝ Վալերի Ռաշկինը, Վասիլի Պիսկարևը, Պյոտր Տոլստոյը, Լեոնիդ Սլուցկին, Իրինա Յարովայան և այլք։ Զինծառայողներից պատժամիջոցների տակ հայտնվել են Ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար Նիկոլայ Եվմենովը, նրա տեղակալ Վլադիմիր Կասատոնովը, Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Օլեգ Սալյուկովը և այլք։ Ֆիզիկական անձանց թվում ներառված են նաև Պուտինի դուստրերը, Լավրովի կինն ու դուստրը։
Պատժամիջոցային ցուցակում են հայտնվել նաև «Խնայբանկն» ու «Ալֆա» բանկը։ Տոկիոն կսառեցնի նրանց ակտիվներն ու կարգելի նրանց հետ ցանկացած գործարք։ Բացի այդ, ներդրվում է դեպի Ռուսաստան նոր ուղիղ ներդրումների արգելք։
Ապրիլի 19-ից կսահմանվի նաև արգելք Ռուսաստանից փայտանյութի որոշ տեսակների, մեքենաշինական որոշ ապրանքների և ալկոհոլի ներմուծման վրա։