Սաակաշվիլիի ինքնազգացողությունը կրկին վատացել է
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շոթա Թութբերիձեի խոսքերով՝ Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկում հանդիպման ժամանակ Սաակաշվիլին վատացել է և չի կարողացել շարունակել հանդիպումը։ Սա արդեն երկրորդ միջադեպն է, որ կրկնվում է Սաակաշվիլիի հետ:
Լրագրողների հետ զրույցում փաստաբանը պարզաբանել է, որ Վրաստանի երրորդ նախագահի առողջական վիճակը շատ ավելի վատ է, քան մի քանի օր առաջ էր, և նա մոտավորապես նույն վիճակում է, ինչ հացադուլի վերջին փուլում։
Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին հայտարարություն է արել նաև Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը:
«Ես բժիշկ չեմ, որ ճիշտ գնահատական տամ: Այնուամենայնիվ, ես մտահոգված եմ նրա առողջական վիճակի մասին վերջին տեղեկություններով։
Ինձ և ԵՄ-ի համար վճռորոշ պահն այն է, որ պարոն Սաակաշվիլիի ֆիզիկական և հոգեկան առողջության համար պատասխանատվությունը կրում են իշխանությունները՝ որպես մարդու հիմնարար իրավունքի հարց»,- ասել է Կարլ Հարցելը։