Վրաստանում դատապարտյալները կկարողանան բարձրագույն կրթություն ստանալ
Վրացական բանտերում պատիժ կրող դատապարտյալները կկարողանան հեռավար սովորել Թվային համալսարանի նախագծի շրջանակներում, ասել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։
Նրա խոսքով՝ այս նախագիծն իրականացվում է կրթության նախարարության հետ համատեղ։
«Այս նախագծի արդյունքում դատապարտյալներն ու մեղադրյալները կկարողանան բարձրագույն կրթություն ստանալ հեռավար ուսուցման միջոցով՝ ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի ծրագրերով՝ Վրաստանում հավատարմագրված համալսարանում»,- ասել է Ռատի Բրեգաձեն:
Նախարարը նշել է, որ այս նախաձեռնությունը կնպաստի դատապարտյալների վերասոցիալականացմանը, ինչպես նաև կրթության իրավունքի լիարժեք իրացմանը։
Արդարադատության նախարարը շեշտել է նաև, որ բոլոր քրեակատարողական հիմնարկները հագեցած են համապատասխան գրադարաններով, որտեղ գրքային ֆոնդը մշտապես համալրվում է։