«Կապիկի ծաղիկ». համավարակի վտա՞նգ՝ նոր դեղամիջոց
Կապիկի ծաղիկը համավարակի չի վերածվի. սա մասնագետների կարծիքն է, որոնք հետևում են վարակի տարածմանը, բայց զուգահեռներ չեն տանում կորոնավիրուսի հետ: Այս հիվանդությունը նորություն չէ, մոտ 50 տարի է՝ մարդը վարակվում է դրանով, սակայն խիստ հազվադեպ:
Ինչպես ստացվեց, որ վարակը հիմա սկսվեց տարածվել, պարզ չէ: Բայց նշվում է՝ այն հեշտ փոխանցվողների շարքից չէ: Ծաղիկ հիվանդության դեմ ներարկումը մեծապես պաշտպանում է նաև սրանից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաղորդել է կապիկի ծաղկի 780 հաստատված դեպքերի մասին այն երկրների սահմաններից դուրս, որտեղ հիվանդությունը սովորաբար տարածված է:
Մայիսի 13-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում դեպքեր են հայտնաբերվել 27 երկրներում: Վարակվածների մեծ մասը, ըստ ԱՀԿ հրապարակման, տղամարդիկ են, որոնք սեռական հարաբերություններ ունեն տղամարդկանց հետ։
Մեծ Բրիտանիայում գրանցվել է 207 դեպք, Իսպանիայում՝ 156, Պորտուգալիայում՝ 138, Գերմանիայում՝ 57։
Մեկ շաբաթ առաջ ԱՀԿ-ն հայտնել էր 257 դեպքի մասին, գրում է BBC-ն։
Վրաստանում, բարեբախտաբար, նոր վարակի դեպքեր դեռ չեն գրանցվել: