Պատերազմը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի 2023 թվականին. Fitch
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի 2023 թվականին, քանի որ կողմերի միջև բանակցությունների հեռանկարները թույլ են։ Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, ասվում է «Fitch» վարկանիշային գործակալության զեկույցում։
Վերլուծաբանները կարծում են, որ Ուկրաինայում լայնածավալ պատերազմը կշարունակվի մինչև հաջորդ տարի, և բանակցությունների միջոցով քաղաքական կարգավորման հեռանկարները փոքր են:
Ինչպես նշվում է զեկույցում, Ուկրաինայի իշխանությունը, հետևելով հասարակության բացարձակ կարծիքին, չի զիջի Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքը, և ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինը կշարունակի խարխլել Ուկրաինայի անկախությունն ու ինքնիշխանությունը։
«Միևնույն ժամանակ պարզ չէ, թե կողմերից որևէ մեկը կունենա բավարար ռազմական գերազանցություն՝ իր նպատակներին հասնելու համար, ինչը կարող է հանգեցնել ձգձգվող հակամարտության», – ասվում է զեկույցում:
«Fitch»-ի զեկույցում ասվում է նաև, որ ռուսական ռազմական մարտավարությունը, որը ներառում է ենթակառուցվածքների համատարած ոչնչացում, ահռելի տնտեսական և մարդկային կորուստներ է պատճառում։