Այսօր՝ օգոստոսի 23-ի առավոտյան, Ախալքալաքի գերեզմանատան հարակից տարածքում հրդեհ էր բռնկվել, որը կարճ ժամանակում տարածվել էր՝ առաջացնելով ծխի մեծ ու հաստ շերտ։ Ախալքալաքում նման դեպքեր հաճախ են լինում, քանի որ բնակիչները բերքահավաքից հետո վառում են ծղոտը։ Հրդեհը տարածվում է չոր եղանակին՝ սպառնալով տներին ու անտառներին: Գրում է
Jnews.ge-ն:
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում, սակայն հրշեջ ծառայությանը կանչել են միայն կեսօրից հետո՝ ժամը 14:00-ի սահմաններում: Սկզբում ոստիկանները տարածքում էին և հետևում էին: Այնուհետև հրշեջներին են կանչել, երբ հրդեհը սկսել է մոտենալ բնակեցված տարածքին։ Հրշեջները արագ կարողացել են կրակը հանգցնել:
Ախալքալաքում հրդեհների առաջացման վտանգին նպաստում է նաև այն փաստը, որ գյուղերում գարու և ցորենի արտերը քաղելուց հետո մարդիկ այրում են խոտը, քանի որ արտում մնացած խոտը չհավաքելու կամ չայրելու դեպքում հետագայում այն խանգարում է բերքի աճին: Շատ բարդ է ամբողջը հավաքել և մեկ տեղում ոչնչացնել, իսկ այդ փաստը պատճառ է դառնում, որ մարդիկ այրեն ու երբեմն էլ չհամոզվելով, որ կրակը մարել են հեռանում են տարածքից, առաջացնելով՝ և լայնամասշտաբ հրդեհի վտանգ, և մեծ վնաս հասցնելով շրջակա միջավայրին:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը զգուշացնում է բնակչությանը, որ բարձր ջերմաստիճանի պատճառով երկրում բարձր է անտառային և դաշտային հրդեհների վտանգը և կոչ է անում ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն։
Իսկ ծխի կամ հրդեհի դեպքում անհապաղ տեղեկացնել ՆԳ նախարարության հանրային անվտանգության կառավարման կենտրոն զանգելով՝ «112»: