Ադրբեջանը Հայաստանին է հանձնել հինգ ռազմագերիների
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել հինգ ռազմագերիների: Այս մասին տեղեկությունը հաստատում են ադրբեջանական և հայկական կողմերը։
Ինչպես նշել են ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների գործերով զբաղվող Ադրբեջանի պետական հանձնաժողովում, զինվորներին ազատ արձակելու որոշումն ընդունվել է Բրյուսելում նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։
Հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 8-ին հինգ հայ զինծառայող է հանձնվել:
Նշված տեղեկությունը հաստատում են Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից։
«Մենք ողջունում ենք այս գործողությունը՝ որպես հարաբերությունների կարգավորմանը նպաստող քայլ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի կողմից Հայաստանին զինվորականների փոխանցումը ողջունում է Հարավային Կովկասի տարածաշրջանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Նրա հաղորդման համաձայն՝ գերիներին հանձնել են առանց միջնորդների։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը արձագանքել է գերիների ազատ արձակմանը:
«Փոխանցումը տեղի է ունեցել երկկողմանի հիմունքներով, ինչը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի արժանիքն է։ Բոլոր չլուծված հումանիտար խնդիրների լուծումը գլխավոր առաջնահերթությունն է»,- գրել է Շառլ Միշելը «Twitter»-ում։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայ զինվորների վերադարձը հայրենիք համարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի դրական զարգացում։
«Մենք հուսով ենք, որ մնացած բոլոր կալանավորները շուտով կվերադառնան տուն, և որ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահության ձևավորման և մնացած տարաձայնությունները լուծելու համար», – նշում է Նեդ Փրայսը: