Ռուսները Վրաստանում ռուբլին վերածում են դոլարի և վաճառում Ռուսաստանի «սև շուկայում»
Ռուսաստանի քաղաքացիները սկսել են ռուբլիներ ուղարկել Վրաստան՝ դրանք վերածելով ԱՄՆ դոլարի և վաճառելով Ռուսաստանի «սև շուկայում»
Այս եզրակացությունը տրված է PMCG խորհրդատվական ընկերության ուսումնասիրության մեջ։ Տարածում է Nor.ge-ն:
Խոսքը PMC RC հետազոտական կենտրոնի «Վրաստանի տնտեսական կլիման» զեկույցի մասին է։ Այս տեղեկագրում, որը հիմնված է Ifo ինստիտուտի մեթոդաբանության վրա, վրացի տնտեսագետների գնահատականներով քննարկվում է Վրաստանի տնտեսական մթնոլորտը։ Նախագծին մասնակցում է 60 փորձագետ Վրաստանից։ Հարցումն անցկացվել է 2022 թվականի սեպտեմբերին։
Տնտեսագետները գնահատել են Ռուսաստանից Վրաստան եկող տրանսֆերտների ավելացման հնարավոր պատճառները։
Վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի առաջին 8 ամիսներին Ռուսաստանից ստացված տրանսֆերտները 2021 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել են 266%-ով և կազմել 0,96 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը նշված ժամանակահատվածում ստացված տրանսֆերտների ընդհանուր ծավալի 40%-ն է։
Փորձագետները կարծում են, որ այս բարձրացման պատճառը արբիտրաժն է, որը կապված է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետ։
Փաստն այն է, որ Ռուսաստանում ԱՄՆ դոլարի սահմանափակ մուտքն արտացոլվել է ռուբլու փոխարժեքի վրա, ինչը հանգեցրել է ռուբլու պաշտոնական փոխարժեքի և սև շուկայի փոխարժեքի անհամապատասխանության։
Սրա պատճառով ՌԴ քաղաքացիների մի զգալի մասը ռուբլու տեսքով փող է ուղարկել Վրաստան, ապա դրանք վերածել ԱՄՆ դոլարի, դոլարը վերադարձրել Ռուսաստան՝ «սեւ շուկայում» վաճառելու և շահույթ ստանալու համար։
Հարցված տնտեսագետների մեծ մասը (56%) կարծում է, որ հենց այս արբիտրաժը կարող է լինել Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների ավելացման պատճառը, և այդ գործընթացը կարող է հանգեցնել Վրաստանի տնտեսության աճի հետաձգմանը։
Միևնույն ժամանակ, 32%-ը կարծում է, որ Վրաստանի Ազգային բանկը պետք է փորձի կանգնեցնել այս արբիտրաժը, իսկ մնացած 24%-ը կարծում է, որ Ազգային բանկի միջամտությունն անհրաժեշտ չէ, քանի որ գործընթացն ինքնին կկարգավորվի։
Հարցված տնտեսագետների ևս 28%-ն ընդհանրապես արբիտրաժը չի համարում տրանսֆերտների աճի պատճառ, ասվում է հետազոտության մեջ։