Ռուսաստանի քաղաքացիների մուտքն իսկապես մարտահրավեր է, հնարավոր է, որ մենք ստիպված լինենք վերանայել բավականին ազատական վիզային ռեժիմը,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ կառավարությունը պետք է որոշում կայացնի վիզային ռեժիմի վերաբերյալ։
«Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Վրաստան իսկապես մարտահրավեր է։ Սպառնալիք չէի ասի, բայց մարտահրավերն այն է, որ նրանց մեջ կան Վրաստանի նախկին քաղաքացիներ, որոնք այսօր գալիս են Ռուսաստանում ստեղծված պայմաններից։ Կան նաև Ռուսաստանի քաղաքացիներ, ովքեր Վրաստան են գալիս տարբեր պատճառներով։ Գլխավորն այն է, որ հասարակությունը վստահ լինի, որ բոլոր վերահսկողական մեխանիզմները կիրառվում են, որ վտանգ չկա։ Դրա համար, կարծում եմ, ավելի շատ շփում է պետք, մեր հասարակության ավելի իրազեկում, որ բոլոր առումներով, բոլոր հնարավոր սպառնալիքները, բոլոր հնարավոր խնդիրները փաստացի դիտարկվում են իշխանության կողմից, որ բոլոր միջոցները ձեռնարկվում են։ Չի բացառվում նաև, որ մենք ստիպված լինենք վերանայել վիզային ռեժիմը, որն այսօրվա պայմաններում բավականին ազատական է և որը կարող է պակաս ընդունելի լինել այս ագրեսիայի պայմաններում, բայց այս ամենը պետք է որոշի կառավարությունը՝ հանրության հետ միասին»,- ասել է Զուրաբիշվիլին։