Հոկտեմբերի 31-ից Վրաստանի Գյուղական Զարգացման Գործակալությունը (RDA) կսկսի ֆերմերների հայտադիմումերի ընդունման հերթական փուլը՝ «Այգիների բաղադրիչ» ենթածրագրին «Տնկի՛ր ապագան» ծրագրին մասնակցելու համար, որի շրջանակներում նրանք կկարողանան պետական համաֆինանսավորում ստանալ բազմամյա մշակաբույսերի այգիների ստեղծման, ինչպես նաև այդպիսի այգիներում կաթիլային ոռոգման համակարգերի կազմակերպման նպատակով։ Գրում է
Jnews.ge-ն:RDA-ի տեղեկատվության համաձայն՝ հայտերն ընդունվելու են մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը։
Ծրագրին մասնակցելու պայմանները, հիմնականում, մնում են նույնը։ Ենթածրագրի շահառուներ կարող են լինել ինչպես Վրաստանի ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք։ Ծրագիրը տարածվում է 0,5 հա-ից մինչև 50 հա հողատարածքների վրա: Միևնույն ժամանակ, հողատարածքը պետք է պաշտոնապես գրանցված լինի (Հանրային ռեեստրի ազգային գործակալությունում) և հանդիսանա շահառուի սեփականությունը կամ լինի վարձակալված, այն էլ՝ վարձակալության մնացած ժամկետը պիտի լինի առնվազն 10 տարի:
Հայտատուի կողմից այգի հիմնելու հայտը ներկայացնելու պահին, տեղում հողատարածքը պետք է մշակված լինի առնվազն 40 սմ խորությամբ: Բացի այդ, տեղանքը պետք է ապահովված լինի ջրով (հողատարածքում անցկացված ջրի, ջրհորի կամ ջրափոսի հաշվին), կամ տարածքի պարագծից առավելագույնը 500 մետր հեռավորության վրա պետք է գտնվի ջրի մշտական աղբյուր (գետ, լիճ, ջրանցք)։ Այնուամենայնիվ, ինչպես նշում են RDA-ից, այնպիսի մշակաբույսերի դեպքում, ինչպիսիք են պիստակը, ձիթապտուղը, ազնիվ դափնին, պնդուկը (եթե նախատեսվում է տնկել Գուրիայի, Աջարիայի և Սամեգրելոյի շրջաններում), հնարավոր է նաև ջրով չապահովված նոր այգու պետական համաֆինանսավորումը:
Այգիների տնկման պետական համաֆինանսավորման ստանդարտ չափը կազմում է տնկիների արժեքի առավելագույնը 70%-ը (ֆինանսավորման սահմանաչափով` կախված բերքից և տնկիների գնման վայրից` տեղական թե արտասահմանյան տնկարանում): Գյուղատնտեսական կոոպերատիվների, ինչպես նաև բաժանարար գծին հարող գյուղերի և բարձրալեռ բնակավայրերի համար համաֆինանսավորման չափը նախատեսված է 80%-ի սահմանում։
Որոշակի պահանջներ են սահմանվել նաեւ տնկիների ծագման հետ կապված։ Վրաստանում դրանք կարելի է գնել միայն «Տնկի՛ր ապագան» ծրագրի շրջանակներում ընտրված հավաստագրված տնկարաններից: Սածիլների ներմուծումը թույլատրվում է ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, ԵՄ երկրներից, ինչպես նաև մի շարք այլ երկրների, մասնավորապես՝ Ուկրաինայի, Բելառուսի, Սերբիայի և Թուրքիայի կոնկրետ տնկարաններից։ Ըստ RDA-ի՝ ծրագրին մասնակցել ցանկացողները, ի թիվս այլ փաստաթղթերի, պետք է լաբորատոր եզրակացություններ ներկայացնեն՝ բնահողի որակի, ինչպես նաև մշակաբույսերի դրան համապատասխանության վերաբերյալ, որոնք մտադիր են տնկել:
Հատկանշական է, որ այս ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական կոոպերատիվների համար լրացուցիչ ֆինանսավորում է տրամադրվում այգու քիմիական մշակման սարքերի համար՝ ոչ ավելի, քան 5000 լարիի (1,8 հազար դոլար) չափով։ Բացի ֆինանսական օգնությունից, շահառուներին առաջարկվում է նաև տեխնիկական աջակցություն՝ ինտենսիվ այգիների խնամքի թեմատիկայով թրեյնինգներ:
Ինչպես նշում են RDA-ից, նույն անձը կարող է մի քանի ծրագրեր ներկայացնել ենթածրագրի գծով, սակայն դրանց համար նախատեսված համաֆինանսավորումը չպետք է գերազանցի, ընդհանուր առմամբ, 250 հազար լարին (90,3 հազար դոլար), իսկ ընդհանուր հողատարածքը՝ 50 հեկտարը։