Այս տարի ավելի քան 110 հազար ռուսաստանցի է փախել Վրաստան,- այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Բացի այդ, Հայաստանում սեպտեմբերի 21-ից նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում կեցության վայրում գրանցվել է 2820 ռուսաստանցի, հայտնել են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից՝ ի պատասխան ՌԲԿ-ի հարցման։
Սա գրեթե չորս անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու համար դիմողների թիվը նույնպես ավելացել է՝ մեկուկես ամսում կացության թույլտվության համար դիմել է 708 ռուսաստանցի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դիմողների թիվը եղել է 2,5 անգամ պակաս՝ 277։ Այս ընթացքում կացության թույլտվություն է ստացել 273 մարդ, նախորդ տարի՝ 257 մարդ։
Ռուսաստանի քաղաքացիները տարվա ընթացքում Հայաստանում գտնվելու իրավունք ունեն ոչ ավելի, քան 180 օր։ Եթե ռուսաստանցին նախատեսում է երկրում մնալ ավելի քան 30 օր, ապա նա պետք է գրանցվի կեցության վայրում:
Բացի այդ, այս տարի ռուսներն օտար լեզուներ սովորելիս ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերում են եբրայերեն, վրացերեն, սերբերեն, չինարեն, թուրքերեն և հայերեն լեզուների նկատմամբ։ Լեզուների ուսուցման պահանջարկը գագաթնակետին է հասել մարտ և հոկտեմբեր ամիսներին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարվեց, ինչից հետո զգալիորեն աճեց ռուսաստանցիների հոսքը Վրաստան և Հայաստան։ Պուտինի հրամանագրի հրապարակումից հետո հսկայական հերթեր էին գոյացել Վրաստանի, Ղազախստանի և Ֆինլանդիայի հետ սահմաններին: