Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցում մնում է 9 երեխա՝ օմբուդսմենի տեղակալ
Հանրային պաշտպանի տեղակալ Էկա Սխիլաձեի խոսքով՝ Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցում այս պահին կա 9 երեխա, որոնք «անվտանգ միջավայրում են»։
Ինչպես հայտնել է Սխիլաձեն, այս պահին Հանրային պաշտպանի գրասենյակի մշտադիտարկման արդյունքում գիշերօթիկ հաստատությունում երեխաների իրավունքների ոչ մի խախտում չի հաստատվել։ Նրա խոսքով, անկախ ստեղծված իրավիճակից, հանրային պաշտպանի հանձնարարականը մնում է անփոփոխ, որ գիշերօթիկ հաստատությունում գտնվող բոլոր երեխաները պետք է վերադարձվեն ընտանիքներ կամ տեղավորվեն ընտանիքի նման խնամքի հաստատությունում։
«Իրավիճակին ծանոթանում ենք ինչպես գրավոր, այնպես էլ տեղում այցելությունների միջոցով։ Այս պահի դրությամբ հաստատությունում մնացել է 9 երեխա, թեև հանրային պաշտպանի հանձնարարականն այն էր, որ հաստատությունում գտնվող երեխաները պետք է տեղավորվեն ընտանիքում, եթե հնարավոր է վերաինտեգրում, կամ ընտանիքի նման խնամքի տիպի հաստատությունում, որտեղ նրանց անհատական կարիքները կբավարարվեն։ Այս պահին մշտադիտարկման արդյունքում չի հաստատվել, որ այնտեղ երեխաների նկատմամբ իրավունքների որևէ խախտում կա՝ նրանք գտնվում են անվտանգ միջավայրում։ Այնուամենայնիվ, մեր առաջարկությունն այն մասին, որ հատկապես կարևոր է երեխաներին այլընտրանքային խնամքի տակ կամ ընտանիքներում տեղավորել՝ հաշվի առնելով հաստատության շուրջ զարգացումները, մնում է անփոփոխ:
Մեր ուշադրության կարևոր թեմաներից էր հիմնարկից դուրս բերված երեխաների իրավական կարգավիճակի ուսումնասիրությունը, թե ինչ վիճակում են հայտնվելու: Մենք պարբերաբար վերահսկում ենք պետության խնամքի տակ գտնվող երեխաների վիճակը»,- ասել է Էկա Սխիլաձեն։
Ինչ վերաբերում է գիշերօթիկ հաստատությունում երեխաների նկատմամբ հնարավոր բռնության փաստերի հետաքննությանը, ապա Սխիլաձեն ասում է, որ նա տեղեկություն չունի, թե արդյոք հետաքննության մեջ այս պահին նոր զարգացումներ կան, թե ոչ, սակայն նշում է, որ «տարիներ շրունակ ընթացող հետաքննությունը արդյունավետ չէր»։
Նշենք, որ մանկատան շուրջ սկանդալը բռնկվել էր մոտ 2 ամիս առաջ, երբ ՄԻՊ-ը հայտարարել էր, որ իրեն թույլ չեն տալիս մանկատանը մոնիտորինգ անցկացնել: Դրանից հետո սկսվեցին խոսակցություններ՝ մանկատանը բռնության դեպքերի, ինչպես նաև այնտեղ բազմաթիվ այլ կոպիտ խախտումների մասին: ՄԱԿ-ը Վրաստանի իշխանություններին հանձնարարեց մոնիտորինգ անցկացնել Նինոծմինդայի մանկատանը: Հունիսի սկզբից Նինոծմինդայի մանկատանն աշխատում են տարբեր ծառայություններ և աշխատողներ: Սոցիալական աշխատողները մնում են այնտեղ շուրջօրյա: Մանկատուն այցելել են պատգամավորներ, այս թեմայի շուրջ աշխատելու նպատակով Պատրիարքարանում ստեղծված հանձնաժողովը հատուկ այնտեղ էր աշխատում: Իրենց հերթին, երեխաները հետզհետե տեղափոխվել են այլ վայրեր, այլընտրանքային խնամքի կենտրոններ կամ սեփական ընտանիքներ: Նինոծմինդայի մանկատանը հետաքննվում են բռնության և բռնաբարության դեպքեր: