Որքա՞ն արժե վառելիքը Վրաստանում և հարևան երկրներում
«Չի կարելի, որ մեկ լիտր բենզինի համար լինի գրեթե 1 լարի հարկ»,- օրեր առաջ հայտարարել էր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա դիմեց նախարարներին և հորդորեց հրավիրել նավթ ներկրողներին և գներն իջեցնել ողջամիտ մակարդակի։
Վարչապետի այս հայտարարությունից հետո Տրանսպորտային միջանցքի հետազոտական կենտրոնում արդեն խոսում են Վրաստանում դիզվառելիքի թանկության մասին։ Նրանց խոսքով, Վրաստանում դիզվառելիքի բարձր գնի պատճառով վրացի փոխադրողների համար ձեռնտու չէ ապրանք ձեռք բերել տեղական լցակայաններում, և նրանք վառելիք են լցնում հարևան երկրներում։
Հիմնվելով Globalpetrolprices.com-ի վրա՝ մենք առաջարկում ենք փետրվար ամսվա տվյալներ այն մասին, թե վառելիքն ինչ արժե Վրաստանում և մեր հարևանությամբ:
Globalpetrolprices-ի տվյալներով՝ տարածաշրջանում ամենաէժան վառելիքը Ադրբեջանում է, որտեղ փետրվարին 1 լիտր բենզինի միջին գինը կազմում է 0,59 դոլար (1,56 լարի), իսկ դիզելային վառելիքը՝ 0,47 դոլար (1,25 լարի)։
Ադրբեջանից հետո գալիս է Ռուսաստանը. Ռուսաստանում 1 լիտր բենզինի միջին գինը 0,70 դոլար է (1,86 լարի), դիզելինը` 0,79 դոլար (2,10 լարի)։
Հայաստանում սովորական բենզինն արժե միջինը 0,85 դոլար (2,20 - 2,22 լարի), իսկ դիզելային վառելիքի միջին գինը 1,30 դոլար է (3,44 լարի)։
Թուրքիայում 1 լիտր բենզինի միջին արժեքը հասնում է 1,11 դոլարի (2,94 լարի), իսկ դիզելինը` 1,13 դոլարի (2,99 լարի)։
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա, ըստ Globalpetrolprices-ի, փետրվարի 13-ի դրությամբ բենզինի միջին գինը կազմում է 1,09 դոլար (2,88 լարի), իսկ դիզելինը` 1,39 դոլար (3,70 լարի):