Զանգվածային գործադուլ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների՝ բողոք Ֆրանսիայում
Ֆրանսիայում այսօր տեղի է ունենում Էմանուել Մակրոնի կառավարության կենսաթոշակային բարեփոխումների դեմ հերթական համազգային գործադուլը, որին մասնակցում են տնտեսության գրեթե բոլոր հատվածների աշխատակիցները։ Սպասվում է, որ այս օրը երկրում ավելի քան 270 ցույց կանցկացվի, հայտնում է Euronews-ը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությունը նախատեսում է կենսաթոշակային տարիքը 62-ից հասցնել 64-ի։
Գործադուլների պատճառով կխաթարվի գնացքների եւ հասարակական տրանսպորտի երթեւեկությունը։ Փարիզի Շառլ դը Գոլ, Օրլի եւ Բովե օդանավակայանները, ինչպես նաև երկրի խոշորագույն քաղաքների օդանավակայանները մարտի 7-ին և 8-ին 20-30 տոկոսով կկրճատեն թռիչքների թիվը։
Էներգետիկայի ոլորտի որոշ աշխատակիցներ ակցիայի մեկնարկի մասին հայտարարել էին անցյալ ուրբաթ, երբ գործադուլ էին սկսել ֆրանսիական ատոմակայանների աշխատակիցները։ Երկուշաբթի օրվանից նրանց են միացել գազային ոլորտի աշխատողները։
Ֆրանսիայի Փոքր և միջին ձեռնարկատիրության համադաշնության (CPME) գլխավոր քարտուղար Ժան-Էդ դյու Մեսնիլը երկուշաբթի հայտարարել է, որ Ֆրանսիայում համազգային գործադուլի մեկ օրը երկրին կարժենա 1,5 միլիարդ եվրո։
Բողոքի ցույցեր են տեղի ունենում Փարիզում և այլ քաղաքներում, այդ թվում՝ Թուլուզում և Լիոնում։ Սա կենսաթոշակային օրենսդրության փոփոխության դեմ երկրորդ ցույցն է այս շաբաթվա ընթացքում։ Հունվարից հետո բողոքի ակցիան անցկացվում է արդեն յոթերորդ անգամ։
Կենսաթոշակային բարեփոխումը ներկայումս քննարկվում է Սենատում, որտեղ ակնկալվում է, որ հարցի շուրջ բանավեճը կավարտվի այս շաբաթ: Եթե օրինագիծը հաստատվի, այն կուղարկվի Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ստորին պալատ։