Անցյալի վերքերը չեն սպիանում՝ այսօր հիշատակում են Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը
Այսօր՝ ապրիլի 24–ին աշխարհասփյուռ հայերը ոգեկոչում են Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն սուրբ նահատակների հիշատակը։ Այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը:
Վաղ առավոտից Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդի բարձունք են քայլում հազարավոր մարդիկ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Չնայած ապրիլի 24-ն է համարվում որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, սակայն հայերի ջարդերը սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին, երբ 1892-1923 թվականներին Թուրքիայի կառավարող շրջանները` սկզբում Սուլթան Համիդի, ապա Երիտթուրքերի կառավարությունը, կազմակերպեցին ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։
1915 թ. ապրիլի 24-ին Ստամբուլում թուրքական իշխանությունների հրամանների հիման վրա ձերբակալվեցին ավելի քան երկու հարյուր հայ մտավորականներ՝ գրողներ, երաժիշտներ, հրապարակախոսներ, իրավաբաններ, բժիշկներ, պատգամավորներ: Նրանք բոլորը աքսորվեցին և դաժանորեն սպանվեցին:
Ցեղասպանության սկզբից ուղիղ մեկ ամիս անց Օսմանյան կայսրության դեմ պատերազմող Դաշնակիցները (Ռուսաստան, Ֆրանսիա, Անգլիա) համատեղ հայտարարությամբ պահանջեցին դադարեցնել անմեղ հայ մարդկանց զանգվածային սպանությունները, առաջին անգամ միջազգային եզրութաբանության մեջ ներառելով «հանցագործություն մարդկության դեմ» ձեւակերպումը։ Դաշնակիցները զգուշացրին թուրքական կառավարությանը, որ պատերազմից հետո հետամուտ են լինելու հայերի կոտորածների բոլոր մեղավորներին դատարանի առաջ կանգնեցնելու եւ պատժելու իրենց հանձնառությանը։ Տասնամյակներ անց իրավագետ Ռաֆայել Լեմկինը հենց հայերի զանգվածային սպանդի առանձնահատկություններն ուսումնասիրելուց հետո է միջազգային շրջանառության մեջ մտցրել Ցեղասպանություն եզրույթը։
1965 թ. ապրիլի 24-ին Խորհրդային Հայաստանում կազմակերպվեցին ցույցեր, որոնց մասնակիցները պահանջեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ցույցերն ընթանում են մինչ օրս, ամեն տարի, ապրիլի 23-ին և 24-ին:
Տեղահանվեց, սովամահ եւ տանջամահ արվեց 1,5 մլն հայ։ Խույս տալով պատասխանատվությունից՝ երիտթուրք պարագլուխները 1918-ի աշնանը փախան Գերմանիա։ Հիմնական դերակատարներից ոչ մեկը չխուսափեց արդար դատաստանից։
108 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը՝ Օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդի բնաջնջումը 19-րդ դարի ամենամեծ ողբերգությունն էր, որի հետևանքներն ու հիշողություններն անջնջելի են մինչ օրս: