«Սադրանք», «պարգևատրում» - նախագահի ու ընդդիմության կարծիքը Պուտինի որոշման մասին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի չեղարկումը Վրաստանի քաղաքացիների համար անվանում է հերթական սադրանք։ Նախագահի խոսքով՝ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը եւ վիզային սահմանափակումների չեղարկումը Վրաստանի հետ անընդունելի են, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ագրեսիան Ուկրաինայի դեմ եւ մեր տարածքի օկուպացիան։
«Հերթական ռուսական սադրանք։ Ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը եւ վիզային սահմանափակումների չեղարկումը Վրաստանի հետ անընդունելի են, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիան Ուկրաինայի դեմ եւ մեր տարածքի օկուպացիան»,- գրել է նախագահը Թվիթերում։
Վրաստանի հակաարևմտյան քաղաքականության «պարգևատրումն» է՝ այսպես է մեկնաբանում Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների մի մասը Պուտինի նոր որոշումը՝ վիզային ռեժիմի և ուղիղ ավիաաղորդակցության արգելքի չեղարկման մասին:
Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախկին անդամ Խատիա Դեկանոիձեի խոսքով, Պուտինի այսօրվա որոշումը «մրցանակ» է Վրաստանի կառավարությանը՝ այն քաղաքականության համար, որ վերջին ամիսներին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո, վարում են Բիձինա Իվանիշվիլին, իշխող «Վրացական երազանքը» և վրացական կառավարությունը:
«Սա հակաարևմտյան, հակաուկրաինական քաղաքականություն է, և հենց Պուտինի որոշումը պարգևատրում է Վրաստանի կառավարությանը՝ բառիս բուն իմաստով»,- կարծում է Դեկանոիձեն։
Ըստ Բոկուչավայի՝ դրա ապացույցը ոչ միայն Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումն է, այլև Վրաստանի կառավարության հակաուկրաինական քաղաքականությունը, հակաարևմտյան ուղերձները և այլն։
««Վրացական երազանքի» հավատարմությունը գնահատվել է Պուտինի ռեժիմի կողմից։ Սա ուղղակի վկայություն է, որ նրանց միջև կապ կա։ Նրանք դա անում են, որպեսզի մեզնից ստանան Եվրասիական միության անդամակցություն՝ Եվրամիության թեկնածուի անդամակցության դիմաց»,- ասել է «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն։
«Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Գիգի Ծերեթելին որոշումը համարում է «լիակատար կեղծավորություն և հիբրիդային պատերազմի մաս»։ Ըստ նրա՝ այս իրավիճակում Ռուսաստանի քայլը կարծես ազդանշան է, որ Վրաստանի հետ ինչ-որ բան բարելավվում է, բայց իրականում, ընդհակառակը՝ ավելի է դժվարացնում Վրաստանի շփումն Արևմուտքի հետ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել, որոնցով նախատեսվում են Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկում եւ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնում։