Վրաստան-Ռուսաստան թռիչքների վերականգնման մասին հրամանագիրը ուժի մեջ է
Այսօրվանից՝ մայիսի 15-ից, ուժի մեջ կմտնեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրերը՝ ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան թռիչքների արգելքը վերացնելու և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու մասին։
Մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան թռիչքների արգելքը վերացնելու և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու վերաբերյալ։
Թռիչքների արգելքի վերացման հետ կապված հրամանագրի համաձայն՝ անվավեր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության Նախագահի 2019 թվականի հունիսի 21-ի հրամանը, որով արգելվում էր ռուսական ավիաընկերությունների թռիչքները Վրաստանի և Ռուսաստանի միջև։
Ինչ վերաբերում է վիզային ռեժիմի չեղարկմանը, ապա, համաձայն հրամանագրի, Վրաստանի քաղաքացիներն իրավունք կունենան Ռուսաստանի տարածքում մնալ առանց վիզայի մինչև 90 օր ժամկետով։