Ախալքալաքում հետիոտնին վրաերթի են ենթարկել
Ախալքալաքում «BMW» մակնիշի թեթև մարդատար մեքենան վրաերթի է ենթարկել տարեց կնոջ: Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Կինը գիտակից վիճակում է եղել։ Նախնական տեղեկություններով, նա ունի կոտրվածքներ։
Ըստ ականատեսների՝ կինը ոստիկաններին ասել է, որ չմեղադրեն իրեն վրաերթի ենթարկած երիտասարդին՝ պատճառաբանելով, որ ինքն է մեղավոր եղել։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 5-ին, Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցում՝ «Լուկօյլ» բենզալցակայանի դիմաց: Տեղեկությունը տարածում է Jnews.ge-ն:
Վրաստանի ՆԳՆ-ն գործը հարուցել է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է «Տրանպորտային միջոցը վարող անձի կողմից տրանսպորտային միջոցի երթեւեկության անվտանգության կանոնները խախտելը, ինչը հանգեցրել է առողջության ոչ այդքան լուրջ վնասի»:
Սույն զանցանքը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից մինչև երեք տարի ժամկետով զրկելով կամ առանց դրա: