Անոմալ շոգի պատճառով սպասվում է սննդամթերքի համաշխարհային գների բարձրացում
Աննորմալ ջերմային ալիքները սպառնում են աշխարհի պարենային անվտանգությանը: Գիտնականները մոտ ապագայում պարենային ապրանքների գների համաշխարհային աճ են կանխատեսում։
Լիդսի համալսարանի մթնոլորտային հետազոտությունների պրոֆեսոր Ջոն Մարշամն ասում է. «Միևնույն ժամանակ աշխարհի տարբեր շրջաններում աճում են բերքի մեծ կորուստների ռիսկերը, ինչը միանշանակ կազդի սննդի առկայության և գների վրա»: Նրա խոսքով, առաջիկա տասնամյակներին սպասվում է պարենային ապրանքների գների աճ։
Նախատեսվում է, որ մինչև 2040 թվականը ջերմային ալիքները 12 անգամ ավելի հաճախակի կլինեն: Մարշամի խոսքով, թեև այս իրադարձությունը միայնակ չի ոչնչացնի էկոհամակարգը, սակայն բնականոն և երկարատև ջերմային ալիքների արդյունքում բնությունը չի հասցնի վերականգնվել։ Գիտնականի խոսքով՝ ամբողջ աշխարհում ֆերմերներն արդեն նկատում են եղանակի ազդեցությունը գյուղատնտեսության վրա։
Անցյալ տարվա հոկտեմբերին Bloomberg-ը գրել էր, որ պարենային ապրանքների արտադրության աշխարհի ամենամեծ շվեյցարական կորպորացիան՝ Nestle-ը, մինչև 2030 թվականը միլիարդ դոլար կծախսի՝ սուրճը կլիմայի փոփոխության հետևանքներից փրկելու համար։
Ընկերությունը կանխատեսում է, որ ջերմաստիճանի բարձրացումը կարող է հանգեցնել 2050 թվականին սուրճի պլանտացիաների 50%-ով կրճատման:
«Եթե մենք հիմա քայլեր չձեռնարկենք, 20 կամ 30 տարի հետո մենք չենք ունենա կենսունակ սուրճի ֆերմաներ», - ասում է Nestlé-ն: