Ուժգին հրդեհ Թուրքիայում՝ 10 ինքնաթիռ և 22 ուղղաթիռ ներգրավված են
Թուրքիայում դեռևս չի հաջողվում մարել Քեմեր հանգստավայրի մոտ բռնկված անտառային հրդեհները։ Այդ մասին գրում է «Անադոլու»-ն։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տարածաշրջանի բարդ ռելիեֆի պատճառով դժվար է ցամաքային ճանապարհով հասնելը, ինչի պատճառով հրշեջներն օգտագործում են գիշերային տեսանելիությամբ հագեցած ուղղաթիռներ։
Անթալիայի նահանգապետի հայտարարության մեջ նշվում է, որ անտառային հրդեհաշիջման աշխատանքները Քեմերում շարունակվում են անխափան, սակայն մինչ այժմ հրդեհը չի հաջողվել մարել։
Հայտարարության մեջ նշվում է, որ տասը ինքնաթիռ, 22 ուղղաթիռ, ավելի քան 600 մարդ և տարբեր կազմակերպություններ շարունակում են տեխնիկայով մարել կրակը։
Միաժամանակ մեկ այլ հրդեհ է բռնկվել Հաթայ նահանգի Անթաքիա շրջանում։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ թուրքական իշխանությունները արագ արձագանքել են միջադեպին և դեպքի վայր են ուղարկել երկու հրշեջ ինքնաթիռ, ինը ուղղաթիռ և տասը հրշեջ մեքենա։