Լարսի թողունակության ժամանակավոր կրճատում. պատճառը հայտնի է
Սեպտեմբերի 18-ից 24-ը Վերին Լարսի միջազգային անցակետում սպասվում է թողունակության ժամանակավոր կրճատում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը՝ հղում անելով «Ռոսգրանստրոյ» կազմակերպությանը։
Ներկայումս Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարս ավտոմոբիլային անցակետի վերակառուցման աշխատանքները ավարտական փուլում են։ Կառուցվել են ավելի քան 40 տիտղոսային կառույցներ և շինություններ։ Երթևեկության գոտիների թիվը հասցվել է 39-ի։ Սահմանային անցակետի թողունակությունը զգալիորեն ավելացել է և փաստացի հասել է օրական ավելի քան 3 հազար մեքենայի։
Ներկայումս անցակետում կատարվում են ներքին հարդարման, սարքավորումների տեղադրման, վերահսկող մարմինների աշխատակիցների աշխատատեղերի կահավորման, ճանապարհների երեսապատման, եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։ Աշխատանքներին ներգրավված է 170 մարդ և 20 միավոր տեխնիկա։
«Ռուսաստան մուտքի ուղղությամբ բեռնատարների համար նախատեսված գոտիների ասֆալտապատման աշխատանքների հետ կապված՝ սեպտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից ելքի հատվածում կկազմակերպվի հետընթաց երթևեկություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սպասվում է թողունակության ժամանակավոր կրճատում, ինչը կարող է հանգեցնել բեռնատարների կուտակման։ «Ռոսգրանստրոյը» խնդրում է ըմբռնումով մոտենալ ժամանակավոր անհարմարություններին և ավելի շատ ժամանակ տրամադրել Վերին Լարսով ուղևորություն ծրագրելիս: