Լուրեր
Երկու կրոնների բախման պատճառ հանդիսացող տունը
Լուսանկարը՝ TOK.TV-ի տեսանյութից
Ադիգենիի ավանում ուղղափառ հավատացյալները հավաքվել են մասնավոր անձ Մերաբ Միքելաձեի տանը։ Հավաքվածները Միքելաձից պահանջում էին կատարել խոստումը։ Նրանց խոսքով, հինգշաբթի օրը՝ մարտի 7-ին, Ադիգենի ուղղափառներն ու մահմեդականները պայմանավորվել են, որ մասնավոր անձին պատկանող տունը «մզկիթի չվերածվի» և մահմեդական ավանդույթի համաձայն՝ ամեն ուրբաթ օրը նրանք պատարագ չմատուցեն։
Միքելաձեի տանը հավաքվածների պարզաբանմամբ՝ հինգշաբթի օրը Մերաբ Միքելաձեից խոստում են ստացել, թեև պատարագը ուրբաթ օրը անցկացվել է։ Հենց այս փաստն էլ հանգեցրել է Միքելաձեի տան մոտ մարդկանց կուտակմանը, որին ավելի ուշ անդրադարձել է Ադիգենիի քաղաքապետը։
«Բուն ավանում ոչ մի մահմեդական չի ապրում, ինչի համար կարող էր անհրաժեշտ լինել այնտեղ մզկիթ ունենալ: Քրիստոնեական կողմն այս փաստն ընկալում է որպես սադրանք։ Հենց այս փաստն էլ հանգեցրեց այսօր այս մարդկանց ինքնաբուխ հավաքին։ Սպասում ենք երկուշաբթիին»,- ասել է Ադիգենիի քաղաքապետ Գոչա Քիմաձեն։
Այսօրվա հանդիպման արդյունքում որոշվել է, որ երկուշաբթի օրը՝ մարտի 11-ին, տունն այլեւս չի գործելու որպես մզկիթ։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են տեղական իշխանության ներկայացուցիչներ, Ադիգենիի մունիցիպալիտետում աշխատող ուղղափառ հոգեւորականներ, մահմեդական համայնքից իմամ Ջամբուլ Կախաձեն և տան սեփականատեր Մերաբ Միքելաձեն։
Բանավոր համաձայնագիրը, պաշտոնապես, պետք է ստորագրվի երկուշաբթի օրը, թեև կողմերից ոչ մեկը չի բացառում մարտի 11-ին սադրանքի փորձի հնարավորությունը։
Ըստ տեղացիների՝ Խուլոյից Ադիգենի տեղափոխված Մերաբ Միքելաձեն գնել է այդ տունը, որը դարձել է վեճի պատճառ, և այն սկզբում օգտագործել որպես մեդրեսե, իսկ ավելի ուշ՝ որպես մզկիթ։
Ավելի ուշ մահմեդական դիվիզիան հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով տեղի ունեցածի առնչությամբ և կողմերին հանգստություն պահպանելու կոչ անելով։
«Մենք դատապարտում ենք և կտրականապես անընդունելի է էթնիկ և կրոնական հողի վրա մարդկանց հետապնդումները։ Կրոնի և հավատքի ազատությունը պաշտպանված է մեր երկրի սահմանադրությամբ։ Ըստ այդմ՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հարգի թե՛ սահմանադրությունը, թե՛ միմյանց արժեքները, տարբեր էթնիկ ու կրոնական պատկանելությունը։
Դիմում ենք Հանրային պաշտպանին և համապատասխան պետական մարմիններին՝ անհապաղ հետաքննել միջադեպը և ձեռնարկել համապատասխան իրավական գործողություններ, որպեսզի հետագայում չկրկնվեն նմանատիպ դեպքեր, որոնք անուղղելի վնաս են հասցնում հանդուրժողական վրացական ավանդույթին»,- ասված է հաղորդագրությունում։
Կողմերը լրատվամիջոցներին մեկնաբանություններ չեն տալիս։ Տեղացիները նույնպես չեն շփվում լրագրողների հետ։
Տարածեք :