«Էներգո-Պրո Ջորջիա»-ին տուգանել են հաճախակի էլեկտրականության անջատումների համար
Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովը (GNERC) 40 հազար լարիի տուգանք է նշանակել «Էներգո-Պրո Ջորջիա» ընկերությանը՝ հաճախակի էլեկտրաէներգիայի անջատումների համար։ Այս մասին հայտնել են GNERC-ի մամուլի ծառայությունից։
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ «ընկերությունը լիարժեք չի արտացոլել էլեկտրաէներգիայի անջատումների վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային մատյանում»: Այս համակարգը GNERC-ին հնարավորություն է տալիս իրական ժամանակում վերահսկել ընկերությունների համապատասխանությունը սպասարկման որակի պահանջներին: Սխալ կամ անճշտություն պարունակող տվյալների մուտքագրումը համարվում է խախտում:
Պարզվել է, որ «Էներգո-Պրո Ջորջիա»-ն կարգավորող մարմնին չի ներկայացրել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցված անջատումների մոտավորապես 28%-ի վերաբերյալ տեղեկատվություն։ Եվս 22% դեպքերում ընկերությունը մատյան է մուտքագրել անջատումների տևողության մասին «էական անճշտություններով» տվյալներ։
Օգոստոսի 9-ին կայացած նիստի ընթացքում GNERC-ը 5 հազար լարիի տուգանք է կիրառել նաև «Սաչխերե ջրագիծ» և «Էներգետիկ» ընկերությունների նկատմամբ: Առաջին դեպքում պատճառ է դարձել ջրամատակարարման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ չափորոշիչներին համապատասխան փաստաթղթերի չտրամադրումը, իսկ երկրորդ դեպքում՝ «էլեկտրաէներգիայի ապօրինի սպառում և չարաշահում»: