Կառավարությունը նոր ծրագրեր է սկսում ֆերմերների համար
Կառավարությունը նոր ծրագրեր է սկսում ջերմոցային տնտեսությունների և ոռոգման ջրից օգտվող ֆերմերների համար։ Համապատասխան որոշումներում նշվում է, որ ծրագրի «Վրացական բանջարեղեն ջերմոցներից» բյուջեն կազմում է 25 մլն լարի։ Ծրագրի նպատակն է նոր ջերմոցային տնտեսությունների ստեղծման համար անհրաժեշտ ֆինանսների հասանելիությամբ ջերմոցային արտադրանքի ծավալների ավելացումը, այդ թվում՝ ոչ սեզոնային ժամանակահատվածում։
Ինչ վերաբերում է ոռոգման ջրով ապահովված հողակտորների սեփականատեր ֆերմերների համար նախատեսված ծրագրին, մեկ շահառուի համաֆինանսավորումը ընդհանուր առմամբ սահմանվում է ոչ ավել, քան 30,000 լարի։ Փաստաթղթում մանրամասն ներկայացված են այն չափանիշները, որոնք ֆերմերները պետք է բավարարեն։
Միրգ-բանջարեղենի արտահանողների ասոցիացիայի նախագահ Վախթանգ Բեժիտաշվիլին նշել է, որ «նախարարության աշխատակիցները ինչ էլ որ մտածեն, ցանկացած ուղղությամբ, մասնավոր հատվածից ավելի լավ չեն կարող որոշել, թե ինչ է բիզնեսին անհրաժեշտ»։
Նրա խոսքով, ամեն տարի կատարվում է նույն ուղղությունների սուբսիդավորումը, և արդյունքը միշտ նույնն է։
«Պետության կողմից առաջարկված ցանկացած ծրագիր այն ֆերմերների համար, ովքեր օգնության կարիք ունեն, իհարկե, լավ է և ողջունելի։ Պարզապես, սա չպետք է լինի միայն նախընտրական խոստման մաս։ Սա պետք է լինի նպատակային խմբերին ուղղված և պրոֆեսիոնալ կերպով մշակված ծրագիր, որպեսզի սուբսիդիան և այն միջոցները, որոնք կտրամադրվեն ծրագրի շրջանակներում, կենտրոնացված լինեն արդյունքի վրա։ Սա պետք է լինի երկարաժամկետ արդյունքի վրա կենտրոնացած ծրագիր, և ոչ թե այնպես, որ ամեն տարի նույն ուղղությունների սուբսիդավորումն է կատարվում, և արդյունքը միշտ նույնն է։
Այստեղ պետք է ներգրավված լինեն ինչպես մասնավոր հատվածի ներկայացուցիչները, այնպես էլ ոլորտի մասնագետները, պրոֆեսիոնալներ երկրի ներսում և արտասահմանում։ Որովհետև արտասահմանում շատ մեծ միջազգային փորձ կա, և եթե մենք դա չօգտագործենք, դա կհամարվի հանցանք։ Նախարարության աշխատակիցները ինչ էլ որ մտածեն, ցանկացած ուղղությամբ, մասնավոր հատվածից ավելի լավ չեն կարող որոշել, թե ինչ է բիզնեսին անհրաժեշտ։ Այդ պատճառով սա պետք է որոշվի մասնագետների ներգրավվածությամբ, և այդպես պետք է աշխատի ցանկացած ծրագիր, եթե ուզում ենք, որ այն լինի արդյունքի վրա կենտրոնացած»,- ասում է Վախթանգ Բեժիտաշվիլին։