Ավելի քան 370 միլիոն աղջիկ ենթարկվել է սեռական բռնության կամ ոտնձգության. ՅՈՒՆԻՍԵՖ
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախօրեին հրապարակած նոր տվյալների՝ այսօր ավելի քան 370 միլիոն աղջիկ և կին կամ 8-ից 1-ը ենթարկվել է սեռական բռնության կամ սեռական ոտնձգության մինչև 18 տարեկանը:
Երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ առաջին գլոբալ և տարածաշրջանային տվյալները, որ հրապարակվել են Աղջիկների միջազգային օրվան ընդառաջ, ցույց են տալիս ամբողջ աշխարհում այս հանցավոր արարքների ծավալները, ինչը հատկապես դեռահաս աղջիկների համար ունենում է հետևանքներ ամբողջ կյանքի ընթացքում:
Եթե հաշվի առնենք սեռական բռնության «ոչ կոնտակտային» ձևերը, ինչպիսիք են առցանց կամ բանավոր չարաշահումները, տուժած աղջիկների և կանանց թիվն աշխարհում հասնում է 650 միլիոնի կամ 1-ը 5-ից, ինչը ընդգծում է բռնության և չարաշահման բոլոր ձևերի արդյունավետ կանխարգելման և աջակցության համապարփակ ռազմավարությունների հրատապ անհրաժեշտությունը:
«Երեխաների նկատմամբ սեռական բռնությունը բիծ է մեր խղճի վրա,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը:- Այն խոր և երկարատև վնասվածքների պատճառ է դառնում, հաճախ այն մարդու կողմից, ում երեխան ճանաչում և վստահում է, և այնտեղ, որտեղ նա պետք է իրեն ապահով զգա»:
«Անկայուն իրավիճակներում ապրող երեխաները հատկապես խոցելի են սեռական բռնության նկատմամբ,- ավելացրել է Ռասըլը:- Մենք ականատես ենք լինում սեռական բռնության սարսափելի դեպքերի հակամարտության գոտիներում, որտեղ բռնաբարությունները և սեռով պայմանավորված բռնությունը հաճախ օգտագործվում են որպես պատերազմի զենք»:
Տվյալների համաձայն՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի մեծ մասը տեղի է ունենում դեռահասության տարիքում՝ զգալիորեն աճելով 14-17 տարեկանների շրջանում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սեռական բռնության ենթարկված երեխաները ավելի հավանական է, որ կենթարկվեն կրկնակի բռնությունների: Դեռահասության շրջանում նպատակային միջամտությունների իրականացումը կարևոր է այս շրջանը փակելու և նման վնավածքների երկարաժամկետ հետևանքները մեղմելու համար:
Բռնություն վերապրածները հաճախ կրում են սեռական բռնության տրավմայի հետևանքները նաև չափահասության շրջանում՝ ենթարկվելով սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, թմրամիջոցների չարաշահման, սոցիալական մեկուսացման և հոգեկան առողջության խնդիրների, ինչպիսիք են տագնապն ու դեպրեսիան, ինչպես նաև առողջ հարաբերություններ ձևավորելու դժվարությունների: Ապացուցված է, որ ազդեցությունն ավելի է խորանում, երբ երեխաները հետաձգում են իրենց հետ տեղի ունեցածի մասին խոսելը, երբեմն շատ երկար ժամանակով կամ էլ ընդհանրապես գաղտնի են պահում դրանք:
Թեև ավելի շատ աղջիկներ և կանայք են տուժում այս երևույթներից, և նրանց հետ կատարված դեպքերն ավելի լավ են փաստագրված, ըստ տվյալների, տղաներն ու տղամարդիկ նույնպես տուժում են: Շուրջ 240-310 միլիոն տղա և տղամարդ կամ 11-ից 1-ը մանկության տարիներին ենթարկվել է բռնաբարության կամ սեռական ոտնձգության: Այս թիվը հասնում է 410-ից 530 միլիոնի, եթե հաշվի առնվեն բռնության «ոչ կոնտակտային» ձևերը:
Համապարփակ տվյալների բացակայությունը, հատկապես տղաներին վերաբերող դեպքերի և սեռական բռնության «ոչ կոնտակտային» ձևերի վերաբերյալ, կարևորում են տվյալների հավաքման մեջ ներդրումների ավելացման անհրաժեշտությունը՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ տեղեկությունն ամբողջ ծավալով ընդգրկելու համար: