Ովքե՞ր չեն կարողանա վերցնել վարկ արտարժույթով
«Ֆինանսական դոլարիզացիայի բարձր մակարդակի հետևանքով առաջացած կառուցվածքային ռիսկերի նվազեցման նպատակով ազգային բանկը շարունակում է ակտիվ աշխատանքը», - նշված է ազգային բանկի ֆինանսական կայունության և դրամավարկային քաղաքականության կոմիտեների որոշման մեջ:
Ինչպես նշվում է ազգային բանկի տարածած հաղորդագրությունում, քաղաքացիները, որոնց եկամուտը լարիով է, 500,000 լարիից ցածր գումարի վարկ այլ արժույթով այլևս չեն կարողանա վերցնել։ Փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից:
«Ազգային բանկը նաև ակտիվորեն հետևում է ավանդների դոլարիզացիայի դինամիկային, որը հոկտեմբերին առկա անորոշության պայմաններում աճել է և նպաստել ֆինանսական համակարգում ավելցուկային արտարժույթի լիկվիդության կուտակմանը։ Որպեսզի ավելցուկային լիկվիդությունը չվերածվի վարկերի դոլարիզացիայի, դրամավարկային քաղաքականության կոմիտեն արտարժույթով պարտավորությունների համար սահմանի վերին շեմը բարձրացրել է 5 տոկոսային կետով։ Վրաստանի ազգային բանկը շարունակելու է երկրի ֆինանսական կայունության մշտական մոնիտորինգը, ներքին և արտաքին ռիսկերի գնահատումը և հնարավոր ռիսկերի նվազեցման նպատակով անհրաժեշտության դեպքում օգտագործելու է իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները», - նշված է կոմիտեի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ ազգային բանկը նման որոշում արդեն մեկ անգամ ընդունել է այս տարի։ Մասնավորապես, 2024 թվականի մայիսից անձինք, որոնց եկամուտը լարիով է, չեն կարողանում 400,000 լարիից ցածր վարկ վերցնել արտարժույթով։