Վրաստանում ռեստորանի երկրորդ հարկում 12 մարդու դի է հայտնաբերվել
Գուդաուրիում, ենթադրաբար դժբախտ պատահարի հետևանքով, 12 մարդ է մահացել, որոնցից 11-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ։ Այս մասին հայտարարություն տարածում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։
«ՆԳՆ-ի Մցխեթա-Մթիանեթիի ոստիկանության վարչության աշխատակիցները Գուդաուրիում տեղի ունեցած ենթադրյալ դժբախտ պատահարի կապակցությամբ, որի հետևանքով մահացել է 12 մարդ, քննչական գործը սկսել են Վրաստանի Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով:
Գուդաուրիում գտնվող հնդկական ռեստորանի երկրորդ հարկում, ննջարանի տարածքում, հայտնաբերվել են, ենթադրաբար, նույն օբյեկտում աշխատող 12 մարդու մարմիններ։
Նախնական զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նախնական քննության տվյալներով, ննջասենյակների մոտակայքում, փակ տարածքում, տեղադրված էր գեներատոր, որը, ենթադրաբար, միացվել էր այն բանից հետո, երբ օբյեկտը մնացել էր առանց էլեկտրականության։
Մահացած 12-ից 11-ը օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ մեկը՝ Վրաստանի քաղաքացի։
Փաստի առնչությամբ ակտիվորեն ընթանում են քննչական գործողություններ։ Տեղում աշխատում են փորձագետ-կրիմինալիստները, հարցաքննվում են գործի հետ առնչություն ունեցող անձինք։ Հանձնարարած են համապատասխան փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար»,- նշված է հայտարարությունում։