ՆԳՆ-ն կոչ է անում՝ մայրուղին փակելը քրեական հանցագործություն է
Ցույցի մասնակիցներին և կազմակերպիչներին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ համաձայն Վրաստանի կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 23-ի «Ռազմավարական և/կամ հատուկ նշանակության օբյեկտների ցանկը հաստատելու մասին» թիվ 361 որոշման, միջազգային նշանակության ճանապարհները ռազմավարական և/կամ հատուկ նշանակության օբյեկտներ են,- ասվում է Վրաստանի ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։
ՆԳՆ-ն կոչ է անում հանրահավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին իրենց բողոքն արտահայտել օրենքով սահմանված շրջանակներում։
«Ինչպես հանրությանը հայտնի է, այսօր Թբիլիսիի ելքի մոտ նախատեսվում է բողոքի ցույց անցկացնել։ Ցուցարարները հավաքվում են մի քանի վայրերում և ծրագրում են հավաքվել Թբիլիսիի ելքի մոտ։ Հասարակական անվտանգությունն ու կարգը պահպանելու նպատակով յուրաքանչյուր տեղամասում մոբիլիզացված են ՆԳ նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Իրավապահ մարմինների աշխատակիցներն ապահովում են հավաքի անցկացումը խաղաղ մթնոլորտում, օրենքով սահմանված շրջանակներում՝ ապօրինի գործողությունները կանխելու նպատակով։ Ինչպես հայտնի է հանրությանը, բողոքի ակցիայի մասնակիցները մտադիր են փակել միջազգային նշանակության մայրուղին։
Ցույցի մասնակիցներին և կազմակերպիչներին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ համաձայն Վրաստանի կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 23-ի «Ռազմավարական և/կամ հատուկ նշանակության օբյեկտների ցանկը հաստատելու մասին» թիվ 361 որոշման՝ միջազգային նշանակության ճանապարհները ռազմավարական և/կամ հատուկ նշանակության օբյեկտներ են։ Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի համաձայն՝ ռազմավարական կամ առանձնահատուկ նշանակություն ունեցող օբյեկտի արգելափակումը պատժելի արարք է, որը նախատեսում է ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, մինչդեռ վերոհիշյալ արարքը խմբով կատարելը նախատեսում է ազատազրկում՝ 2-ից 4 տարի: Բողոքի ակցիայի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ ենք անում իրենց բողոքն արտահայտել օրենքով սահմանված շրջանակներում։ Հակառակ դեպքում ոստիկանությունը կգործի օրենքով սահմանված կարգով»,- ասված է հաղորդագրությունում։