Այլ երկրի քաղաքացին չի կարող մուտք գործել Վրաստան, տեսատուգանք չվճարելու դեպքում
«Վարչական իրավախախտումների և ճանապարհային երթևեկության մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում: Այլ երկրի քաղաքացին չի կարող մուտք գործել Վրաստան, տեսատուգանք չվճարելու դեպքում՝ այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի (ՆԳՆ) փոխնախարարը: Ըստ Ալեքսանդր Դարախվելիձեի, օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենայով Վրաստանում ճանապարհային երևեկության կանոնները խախտող և առանց տուգանքը վճարելու Վրաստանը լքող այլ երկրի քաղաքացու կրկին Վրաստան մուտք գործելու իրավունքը, հնարավոր է` սահմանափակվի։
«Նրանից հետո, երբ արտասահմանյան համարանիշով տրանսպորտային միջոցը խախտի ճանապարհային երթևեկության կանոնները, և ցուցադրվի տեսատուգանքը, մենք ուղղակիորեն կհրապարակենք այդ տուգանքները պաշտոնական կայքում, և անձին կտրվի 30 օր ժամկետ՝ նշված տուգանքը վճարելու համար։ Խոսքն անձին կանգնեցնելու ու պարեկային ոստիկանության կողմից տուգանելու մասին չէ, տեսատուգանքների մասին է.
Եթե նշված ժամկետում նա չվճարի տուգանքը, կկիրառվեն համապատասխան այլ պատժամիջոցներ, և ի վերջո` եթե անձը չվճարի այդ տուգանքը, նա այլևս իրավունք չի ունենա մուտք գործել Վրաստան, քանի դեռ չի վճարել տուգանքը:
Գործող օրենսդրության համաձայն, օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենայով օրենքը խախտելու դեպքում Վրաստանում մշտական չբնակվող օտարերկրյա քաղաքացուն փոստով երկու անգամ ուղարկվում է տուգանքի մասին տեղեկություն, ինչը անպտուղ ջանք է»,- պարզաբանել է Դարախվելիձեն։
Դարախվելիձեն նշել է, որ գործող օրենսդրությամբ նախատեսված կարգավորումը չի կարող ապահովել տեսատուգանքների արդյունավետ կիրարկումն օտարերկրյա պետհամարանիշով տրանսպորտային միջոցի կողմից կատարված խախտումների դեպքում: