Հայաստանը ցանկանում է նվազեցնել իր կախվածությունը ռուսական բնական գազից
«Մոսկով Թայմս»-ի տեղեկացմամբ, Հայաստանը բնական գազի մատակարարման վերաբերյալ բանակցություններ է սկսել Թուրքմենստանի հետ։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։
Նրա խոսքով՝ նախատեսվում է համաձայնագիր ստորագրել պետական կոնցեռն «Թուրքմենգազի» հետ։ Գազը Հայաստան կմատակարարվի Իրանի միջով՝ այսպես կոչված SWAP սխեմայով։ Իրանը արդեն համաձայնություն է տվել տարանցման հարցում։
Թումանյանը հստակեցրել է, որ խոսքը 600 միլիոնից մինչև 1 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման մասին է, սակայն գնի հարցը դեռևս չի կարգավորվել։
«Բացի այդ, մենք քննարկում ենք նաև թուրքմենական գազի տարանցման հնարավորությունը Հայաստանի և Վրաստանի տարածքով, և Թբիլիսին արդեն տվել է իր համաձայնությունը», – նշել է Թումանյանը։ Նրա խոսքով՝ սա հնարավորություն կտա ապահովել գազի մատակարարումը Թուրքմենստանից Սևծովյան ավազանի երկրներին։
Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանում ներքին սպառման համար նախատեսված բնական գազի միակ մատակարարը ռուսական «Գազպրոմ»-ն է։ Բնական գազը մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն Վրաստանի տարածքով, և դրա արժեքը կազմում է 165 դոլար՝ մեկ հազար խորանարդ մետրի համար։ Հայաստանը համագործակցում է նաև Իրանի հետ՝ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով։