Լուրեր
Սեպտեմբերի 28-ը կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 28-ը հռչակել է որպես Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օր:
Կատաղություն հիվանդությունը ներկայումս առողջապահության ոլորտի կարևոր հիմնախնդիրներից է: Կատաղության դեմ պայքարի և կանխարգելման ալյանսի տվյալներով` ամեն տարի աշխարհում կատաղություն հիվանդությունից մահանում է գրեթե 55.000 մարդ: Հիվանդության առավել մեծ թվով դեպքեր արձանագրվում են աֆրիկյան և ասիական երկրներում: Արձանագրված դեպքերի 40%-ը բաժին է ընկնում մինչև 14 տարեկան երեխաներին:
Բնակչության շրջանում կծվածության դեպքերի նվազեցման արդյունավետ ճանապարհը թափառող կենդանիների նկատմամբ կանխարգելիչ անասնաբուժական միջոցառումների (ստերջացում, պատվաստումներ և այլն), ընտանի կենդանիների խնամքի և պատվաստման կազմակերպումը և իրականացումն է` համաձայն անասնաբուժական ծառայության հրահանգների:
Մարդու համար վարակի աղբյուր են համարվում գաղտնի շրջանում կամ կատաղության կլինիկական դրսևորումներով կենդանիները: Գաղտնի շրջանը որոշվում է վնասվածքի /կծվածի/ տեղակայմամբ և ծանրությամբ: Այն կարող է ընթանալ մի քանի օրից մինչև 1 տարի և ավելի:
Վարակի փոխանցման մեխանիզմը` մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, թքոտելու արդյունքում և այլն): Կենդանու նկատմամբ սահմանվում է 10-14 օրյա հսկողություն:
Այն դեպքում, երբ կենդանին (շուն, կատու, աղվես, գայլ, արջ, առնետ) վնասել է մարդուն և առաջացրել է մաշկի ամբողջականության խախտում, անհապաղ պետք է դիմել բժշկական օգնության` համապատասխան կանխարգելիչ պատվաստումներ կազմակերպելու և իրականացնելու համար:
Կենդանուց տուժելուց մի քանի ժամ հետո վերքի մշակումը և կանխարգելիչ պատվաստումները կարող են կանխել կատաղության հիվանդության առաջացումը: Հակակատաղության պատվաստումներն իրականացվում են սահմանված կարգով` թույլատրված իմունակենսաբանական պատրաստուկներով:
Տարածեք :