Հայաստանում COVID-19-ը չի նահանջում։ Վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է 57 մահ։ Առողջապահության նախարարության առաջարկով կրթական գերատեսչությունը որոշում է կայացրել բուհերում ուսումնական պրոցեսը կազմակերպել հեռավար, ինչպես նաև երկարաձգել դպրոցական արձակուրդները։
Համաճարակային իրավիճակը
Հոկտեմբերի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1517 նոր դեպք։ Մահացել է 57 քաղաքացի։ Համավարակի մեկնարկից ի վեր COVID-19-ի հետևանքով գրանցվել է 6 112 մահվան դեպք։ Եվս 1 263 մարդ մահացել է այլ հիվանդության պատճառով, բայց վարակված է եղել կորոնավիրուսով։
Այս պահին բուժում է ստանում 27 692 պացիենտ: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ մահճակալային ֆոնդը սպառման եզրին է։
Ինչպե՞ս է կազմակերպվելու ուսումնական պրոցեսը
Հաշվի առնելով COVID-19-ով հիվանդացության աճը՝ հոկտեմբերի 25-ին առողջապահության նախարարությունը կրթական գերատեսչությանն առաջարկեց բուհերում դասերը կազմակերպել հեռավար, դպրոցական արձակուրդներն էլ երկարացնել մեկ շաբաթով։ Նույն օրը ԿԳՄՍ նախարարությունն արձագանքեց առաջարկին՝ տարածելով բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին ուղարկված շրջաբերականը․
«Հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակը և վերջին օրերի ընթացքում հիվանդության կտրուկ աճի միտումը՝ համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հիվանդության տարածումը զսպելու նպատակով առաջարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առցանց ուսուցմամբ»։
Նշված ժամկետում ուսումնական գործընթացը հեռավար կկազմակերպվի նաև նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։
Համավարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում կրթական գերատեսչությունը որոշում է կայացրել հանրակրթական հաստատությունների 1-12-րդ դասարանցիների համար աշնանային արձակուրդները երկարաձգել մեկ շաբաթով՝ մինչև 2021 թ․ նոյեմբերի 7-ը ներառյալ:
Մինչ այս գործող կարգավորման համաձայն՝ կրթահամալիրը հեռավար ուսուցման էր անցնում, եթե որևէ դպրոցում ուսուցիչների և աշակերտների շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը 14 օրվա կտրվածքով 10% և ավելի էր։