Մեկուսացման ժամկետը կարող է կրճատվել
Համաշխարհային պրակտիկայի համաձայն՝ առողջապահության նախարարությունը և Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը կքննարկեն մեկուսացման շրջանի կրճատման հարցը,- Իրակլի Ղարիբաշվիլիի նախագահությամբ տեղի ունեցած միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստում գերատեսչություններին հանձնարարել է Վրաստանի վարչապետը։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդի անդամները քննարկել են երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակը։ Նշվել է, որ վարակման դեպքերի 95%-ը «Օմիկրոն» շտամն է, որը հիմնականում բնութագրվում է մեղմ ընթացքով, հետևաբար հոսպիտալացման մակարդակն էապես չի աճում։ Հիվանդների մեծ մասը բուժվում է տնային պայմաններում, և նրանց առողջական վիճակը վերահսկվում է ընտանեկան բժիշկների կողմից:
Խորհրդի նիստում վերստին նշվել է պատվաստումների և «խթանիչ» դեղաչափով պատվաստման կարևորությունը վիրուսային վարակի մեղմ ընթացքի և հոսպիտալացումը կանխելու համար։ Միջգերատեսչական համակարգող խորհուրդը ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին կրել շնչադիմակ, պահպանել գործող կանոնակարգերը և խուսափել մարդաշատ հավաքներից և մնալ տանը՝ վիրուսի ախտանիշներ հայտնաբերվելու դեպքում։
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքից ի վեր հայտնաբերվել է վարակի լաբորատոր հաստատված 1 350 454 դեպք, որից 1 124 442 մարդ ապաքինվել է, 15 300 մարդ մահացել է։ Այս փուլում կլինիկական հյուրանոցներում է 1897 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 6082-ը։
Վրաստանի խորհրդարանը և նախագահի աշխատակազմը ակտիվորեն ներգրավված են վարչապետի գլխավորած միջգերատեսչական համակարգող խորհրդի աշխատանքներին։