Վարորդական իրավունքի քննության գործնական մասը դառնում է երկփուլ
Վրաստանի ՆԳ նախարարության սպասարկման գործակալության տեղեկությամբ, ապրիլի 25-ից «B» և «BE» կարգի տրանսպորտային միջոցների կառավարման իրավունքի ընդունելության քննության գործնական մասը երկփուլային է լինելու։
«Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը կատարում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ Վրաստանի «Երթևեկության մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2022 թվականի ապրիլի 25-ից՝ «B» և «BE» անվանակարգի տրանսպորտային միջոցների վարելու իրավունքի ընդունելության քննության գործնական մասը դառնում է երկփուլ։
Վարելու իրավունք ստանալ ցանկացողները նոր չափանիշով գործնական թեստը կկարողանան անցնել Ռուսթավիի, Գորիի, Թելավիի, Փոթիի, Ախալցիխեի, Քութայիսիի, Սաչխերեի, Օզուրգեթիի և Բաթումիի ծառայություններում։
Ինչ վերաբերում է Զուգդիդիի ծառայությանը, ապա քաղաքում ճանապարհների լայնածավալ վերականգնողական աշխատանքների պատճառով, քննության երկրորդ փուլի հանձնելը հնարավոր կլինի համապատասխան աշխատանքներն ավարտելուն պես։
Փոփոխությունների համաձայն՝ փակ տարածքում հատուկ մանևրի հաջողությամբ ավարտելուց հետո վարորդի թեկնածուն կտեղափոխվի երկրորդ փուլ՝ իրական երթևեկության պայմաններ։ Յուրաքանչյուր քննական ծառայության համար մշակվել են մի քանի երթուղիներ, որոնք կհաստատվեն Վրաստանի ներքին գործերի նախարարի համապատասխան հրամանով։
Գործնական քննության երկրորդ փուլի համար հերթագրվելը պարտադիր է, որը հնարավոր է` ուղղակիորեն, գործակալության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումին դիմելով, վեբ կայքի միջոցով, բջջային հավելվածի միջոցով:
Վարորդ դառնալու թեկնածուն իրավունք ունի առաջին փուլը հաջողությամբ անցնելուց հետո 365 օրացուցային օրվա ընթացքում անցնել գործնական քննության երկրորդ փուլը։ Անբավարար արդյունքի դեպքում հաջորդ քննությունը հնարավոր կլինի հանձնել հերթագրվելով՝ ոչ շուտ, քան 30 օրում»,- ասվում է տեղեկատվության մեջ։
Վրաստանի ՆԳ նախարարության սպասարկման գործակալության տվյալներով՝ 365-օրյա ժամկետը լրանալու դեպքում տեսական և գործնական քննության առաջին փուլում ստացված բավարար արդյունքը կորցնում է իր օրինական ուժը։