Ի՞նչ ճակատագիր է սպասվում Ախալքալաքում աղետից տուժած կառույցին
Ախալքալաքում բնական աղետներից վնասված բնակելի շենքն արդեն 17 օր է՝ մնացել է առանց տանիքի։ Բնակչությունն ասում է, որ իրենք չեն կարողանում խնդիրը լուծել և օգնություն են խնդրում կառավարությունից։ Ախալքալաքի քաղաքապետարանից ասում են, որ տեղական բյուջեն այս հարցի լուծման համար միջոցներ չունի, ուստի գրավոր դիմել է կենտրոնական իշխանություններին։ Քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով՝ նախագծով հինգհարկանի շենքը ծածկելու համար անհրաժեշտ է 72 հազար լարի։
«Նշված հարցով օգնություն ենք խնդրել աղետի հիմնադրամից, նախագիծն արդեն պատրաստել ենք, պաշտոնական փաստաթղթեր ենք ուղարկել և սպասում ենք պատասխանի, եթե գումարը մեզ չփոխանցվի, մենք տեղական ուժերով կփորձենք լուծել խնդիրը»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետը։
Փաստաթղթերն արդեն ուղարկվել են աղետների հիմնադրամ, եթե կենտրոնական իշխանությունը հրաժարվի օգնությունից, ապա ինքնակառավարումը ստիպված կլինի միջոցներ հատկացնել տեղական բյուջեից։ Ախալքալաքում՝ զինվորական ավանում, հունիսի 21-ին տեղացած ուժեղ կարկուտից վնասվել է թիվ 355 շենքի տանիքը։ Անձրևը լցվում է բնակարաններ: