Վրաստանում երեխաների 28 տոկոսն ավելորդ քաշ ունի
Մանկական ավելորդ քաշը և գիրությունը վնասում են առողջությանը և հանդիսանում են բազմաթիվ ոչ վարակիչ հիվանդությունների (այդ թվում՝ սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարախտի, քաղցկեղի և այլն) համար ռիսկի գործոններ։ Այս ցուցանիշը շատ երկրներում աճում է։ Խնդիրների արդյունավետ լուծումը պահանջում է որակյալ տվյալներ: Այս մասին տեղեկություն է տարածում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը հրապարակում է մանկական ճարպակալման վերահսկման նախաձեռնության (COSI) 5-րդ փուլի զեկույցը։ Արդյունքները հիմնված են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 33 երկրներում 2018-ից 2020 թվականներին հավաքված վերջին տվյալների վրա։
Ընդհանուր առմամբ հետազոտությանը մասնակցել է 6-9 տարեկան գրեթե 411 000 երեխա։
Զեկույցի համաձայն՝ Վրաստանում երեխաների 28%-ը տառապում է ավելորդ քաշից (ներառյալ գիրություն), ինչը միջին ցուցանիշ է եվրոպական երկրների համար, սակայն այս ոլորտում ազգային քաղաքականության բացակայության դեպքում, այս ցուցանիշը կարող է հեշտությամբ կրել աճող բնույթ, հաշվի առնելով երկրի տնտեսական աճի հետ կապված ռիսկերը։
Ընդհանուր առմամբ, մասնակից երկրներում 7-9 տարեկան երեխաների 29%-ն ունի ավելորդ քաշ (ներառյալ գիրություն): Ավելորդ քաշի տարածվածությունն ավելի բարձր է տղաների մոտ (31%), քան աղջիկների մոտ (28%)։ «Զեկույցը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երրորդ երեխան ունի ավելորդ քաշ»։