Որքա՞ն պետք է վճարեք, որ պարտադիր զինվորական ծառայությունը հետաձգեք
Պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի խոսքով, պարտադիր զինվորական ծառայությունը մեկ տարով հետաձգելու համար սահմանվել է 10 հազար լարի։
Նոր որոշմամբ անձին տարկետման իրավունք կտրվի միայն մեկ անգամ։
«Պարտադիր զինվորական ծառայության հարցը վերանայվել է եւ սահմանվել է 10 հազար լարի՝ մեկ տարով հետաձգման համար։ Մարդը կարող է տարկետման իրավունքից օգտվել միայն մեկ անգամ։ Փողի միջոցով հետաձգումը բոլորին չի վերաբերի: 10 000 լարիի դիմաց մեկ տարի տարկետումից հետո քաղաքացին նորից կզորակոչվի»,- ասաց պաշտպանության նախարարը։
Ինքը՝ Ջուանշեր Բուրճուլաձեն, չի անցել պարտադիր զինվորական ծառայությունը։ Այսօրվա հայտարարության մեջ նա ասում է, որ դրա համար բազմիցս քննադատություններ է ստացել, սակայն հիմնավոր պատճառ ուներ.
«Մենք երեք տարի ինտենսիվ աշխատեցինք, որպեսզի պաշտպանության նոր օրենսգիրքն արդար լինի, ինչին հնարավորինս հասանք։
Ինձ քննադատում էին պարտադիր զինվորական ծառայությունը չավարտելու համար, բայց ես օբյեկտիվ պատճառ ունեի՝ շատ երեխաներ ունեի և զինվորական բաժինն անցել եմ որպես ուսանող։ Գործող օրենսդրությամբ նախատեսված տարկետման պայմանները մնում են ուժի մեջ՝ առողջական վիճակ, ընտանեկան պայմաններ և այլն»,- հավելում է նա։
Դեկտեմբերի 12-ին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ «Գիրչի» կրոնական կազմակերպությանը («Աստվածաշնչական ազատություն») անդամագրվելն այլևս չի լինի երիտասարդների համար պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու երաշխիք։
Վարչապետը չի մանրամասնել, թե ինչպես է մտադիր «լուծել» հարցը։