Ինչ է սպասվում, եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքները վերսկսվեն
ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև թռիչքների վերականգնումը պատժամիջոցների սպառնալիք կստեղծի այն ընկերությունների համար, որոնք սպասարկում են վրացական օդանավակայաններում ռուսական ընկերություններին։
Այդ մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են Պետքարտուղարությունից։
«Արևմտյան շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, արգելում են ռուսական ինքնաթիռների մուտքն իրենց օդային տարածք։ Եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքները վերսկսվեն, հաշվի առնելով, որ վրացական օդանավակայանների ընկերությունները կարող են պատժամիջոցների թիրախ դառնալ, մենք անհանգստացած կլինենք, եթե նրանք սպասարկեն ներմուծման և արտահանման լրացուցիչ վերահսկողության տակ գտնվող ինքնաթիռներ», - ասել է Պետդեպարտամենտը:
Ըստ ԱՄՆ դիվանագիտական ծառայության՝ «ամբողջ արևմտյան հանրությունը հեռացել է այս դաժան ռեժիմից, այժմ ժամանակը չէ մեծացնել ներգրավվածությունը Ռուսաստանի հետ»:
Տեղեկության համար, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հունվարի 19-ին՝ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունից մեկ օր անց, հայտարարել է դեպի Ռուսաստան ուղիղ չվերթների վերականգնման հնարավորության մասին։ Հունվարի 18-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գովել է Վրաստանի կառավարությանը՝ չնայած Արևմուտքի ճնշմանը, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին չմիանալու համար։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Ռուսաստանի հետ թռիչքների վերսկսման հնարավորությանը և ասել, որ չի ողջունում այս նախաձեռնությունը։