Հայաստանում հեղեղվել են գյուղեր՝ կա զոհ
Հայաստանում վատ եղանակը հանգեցրել է զոհերի։ ՆԳՆ-ն ներկայացրել է հորդառատ անձրևից, գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ թարմացված տեղեկատվություն:
Աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում:
Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի (անձը չպարզված տղամարդ):
Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։
Մայիսի 25-ի ժամը 23.00-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան քաղաքում, Լոռու և Տավուշի մարզերում շենք-շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումների, ջրի մեջ արգելափակումների, ինչպես նաև Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։
Հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ Ալավերդի քաղաքում տներ են հեղեղվել։ Ալավերդի համայնքի Քարկոպ հատվածում Դեբեդ գետի վրա կամուրջ է փլուզվել։ Գյուղը հեղեղվել է։ Ախթալա գյուղի տարածքում վարարած Դեբեդ գետը հատել է կամուրջը, երկաթուղու վրա հեղեղված տեղեր կան։ Փամբակ համայնքում Քոբայր-Ձորագետ հատվածի ճանապարհը մի քանի տեղ ամբողջությամբ փլուզվել է։ Ձորագետի գյուղի 70 բնակիչ տեղափոխվել է անվտանգ գոտի։ Տաշիր համայնքում ջրի մակարդակը բարձրացել է Տաշիր գետի վարարումից հեղեղվել են տներ ու շինություններ, քաղաքացիները տարհանվել են։
Վանաձորում, Ստեփանավանում և Ամրակից գյուղում տներ են հեղեղվել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է աղետի գոտի։
Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։