Սամցխե-Ջավախեթին վերջին տարիների ընթացքում տարբեր ուղղություններով նախագծեր իրականացնելու համար արտասահմանյան կազմակերպություններից բազմաթիվ դրամաշնորհներ է ստացել և զգալի գումարներ ծախսել:
Ավելի կոնկրետ, թե ինչ նախագծեր են իրականացվել տարածաշրջանում արտասահմանյան ֆինանսավորմամբ՝ tv9news.ge-ն պաշտոնական տեղեկություն է պահանջել Սամցխե-Ջավախեթիի վեց մունիցիպալիտետներից: Ուսումնասիրությունը վերաբերում է 2020-2024 թվականներին:
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված նամակում կարդում ենք, որ նշված տարիների ընթացքում տարածաշրջանի մունիցիպալիտետների համար հատկացված դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմում է
998,907.50 եվրո: Այս գումարը տրամադրել են Գերմանիայի վերակառուցման վարկային բանկը (KfW), Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը (EBRD) և Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալությունը (Sida)՝ նպատակ ունենալով ֆինանսավորել տարածաշրջանում «Վրաստանի պինդ թափոնների ինտեգրված կառավարման ծրագիր III»-ի շրջանակներում փորձագետի ծառայությունները և պինդ թափոնների կառավարման նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը:
Ադիգենիի մունիցիպալիտետը մեզ տրամադրեց միայն մեկ ֆինանսավորման մասին տեղեկություն: Ինքնակառավարման պատասխանից պարզ է դառնում, որ 2023 թվականին մունիցիպալիտետը ձեռք է բերել բարձր անցանելիությամբ աղբատար մեքենա՝
78,690 դոլար արժողությամբ, որի ֆինանսավորումը տրամադրել է Ճապոնիայի դեսպանատունը:
Ինչ վերաբերում է
Բորջոմիի մունիցիպալիտետին՝ 2022 թվականին ստացել է
99,000 լարի արժողությամբ դրամաշնորհ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում, որի միջոցով Դվիր գյուղի մանկապարտեզի շենքի վրա իրականացվել են ցանցային տիպի արևային էլեկտրակայանների գնում և տեղադրում:
Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից ուղարկված նամակում կարդում ենք, որ մունիցիպալիտետը
150,000 լարի ֆինանսավորում է ստացել տեղական զարգացման խումբ «LAG»-ից: Գումարը օգտագործվել է գյուղերում COVID-19-ի համավարակի հետևանքով առաջացած սոցիալական հարցերի լուծման համար: Բացի այդ, մունիցիպալիտետը դրամաշնորհ է ստացել Ճապոնիայի դեսպանատնից՝
56,000 ԱՄՆ դոլարի չափով, որով ձեռք է բերվել աղբատար մեքենա։
Ինչ վերաբերում է
Ախալցիխեի մունիցիպալիտետին, ինչպես նշված է նամակում, 2022 թվականին մունիցիպալիտետը ստացել է
204,694.55 լարի Գերմանիայի միջազգային համագործակցության հասարակության (GIZ) «Լավ կառավարում տեղական զարգացման համար Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում: Գումարը օգտագործվել է Ռուսթավելի փողոցի յոթ շենքերի ապամոնտաժման և դեկորատիվ ցանկապատի կառուցման համար: Նամակում չի նշվել, սակայն մի քանի օր առաջ Ախալցիխեում ավարտվեց ևս մեկ նախագիծ: Ինքնակառավարումը ստացել է
5,000 եվրո Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Ինչպես նշում է քաղաքապետարանի մշակույթի ծառայության ղեկավար Քեթևան Միշվելաձեն, նախագծի շրջանակներում հաշվառվել է 23 մշակութային օբյեկտ:
Ասպինձայի մունիցիպալիտետից ստացված տեղեկատվությունում նշվում է միայն մունիցիպալ զարգացման հիմնադրամից և Սամցխե-Ջավախեթիի մունիցիպալիտետներից տարբեր նպատակներով ստացված գումարների մասին: Ասպինձայի մունիցիպալիտետը 2021 թվականին մունիցիպալ զարգացման հիմնադրամից ստացել է
637,732.49 լարի, որը օգտագործվել է Ասպինձա գյուղում պատերազմի հուշարձանի հարակից ենթակառուցվածքների և եռանկյունաձև զբոսայգու կառուցման համար:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը հայտնել է, որ 2020-2024 թվականներին արտասահմանյան կազմակերպություններից դրամաշնորհներ չեն ստացել:
Վերջին 12 տարիների ընթացքում, ինչ իշխանության է «Վրացական երազանք» կուսակցությունը, նախարարություններն ու մունիցիպալիտետները արտասահմանյան կազմակերպություններից միլիոնավոր դոլարներ են ստացել: Եվրոպական միության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Սամցխե-Ջավախեթիում բազմաթիվ մշակութային և ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվել: Սակայն, տեղական իշխանության ներկայացուցիչները հաճախ անում են հակաարևմտյան հայտարարություններ:
Հաշվի առնելով այսպես կոչված «ռուսական օրենքի» ընդունման պատճառով Եվրոպայի՝ Վրաստանի հետ համագործակցության կամ ֆինանսավորման սահմանափակումների վերաբերյալ քննարկումները, մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես դա կարող է ազդել տարածաշրջանի զարգացման վրա։
«Ամեն ինչ այնպես կլինի, ինչպես մեր երկրին վայել է», - ասաց Դավիթ Լոմիձեն և մեր հարցին, թե ինչպես կանդրադառնա Արևմուտքի աջակցության նվազումը մունիցիպալիտետների և բնակչության բարեկեցության վրա, չպատասխանեց և անջատեց հեռախոսը:
Եվրոպական միության բարձրաստիճան ներկայացուցիչները դեռևս կոնկրետ ֆինանսական սահմանափակումների կամ այլ պատժամիջոցների վերաբերյալ որոշում չեն կայացրել, սակայն Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է բանաձև, որով Վրաստանի իշխանություններից պահանջել է օրենքի վերացում։
Չնայած տասնյակ հազարավոր քաղաքացիների, հասարակական և մեդիա կազմակերպությունների հակազդեցությանը, Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը մայիսի 14-ին, իսկ մայիսի 28-ին հաղթահարեց Վրաստանի նախագահի վետոն։ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների պնդմամբ, այս օրենքի նպատակը օտարերկրյա ֆինանսավորումների թափանցիկությունն ապահովելն է:
Օրենքի համաձայն, այն լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են օտարերկրյա դոնորներից, ստիպված են գրանցվել որպես «օտարերկրյա ուժի շահերը կրող կազմակերպություններ», հակառակ դեպքում՝ կտուգանվեն: Նման օրենքը գործում է Ռուսաստանում 2012 թվականից, որը բազմաթիվ կազմակերպությունների փակման պատճառ է դարձել։ Ռուսաստանում այլևս չկան անկախ լրատվամիջոցներ և քաղաքացիական հասարակություն:
Այսպես կոչված «ռուսական օրենքի» ընդունման պատճառով ԱՄՆ-ն սահմանել է պատժամիջոցներ կառավարության ներկայացուցիչների նկատմամբ։