«Ռուսական օրենքի» պատճառով ԱՄՆ-ից հերթական քայլը - MEGOBARI ակտը ընդունվել է
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է MEGOBARI ակտը, և այն շուտով ուժի մեջ կմտնի: Համապատասխան քվեարկությունը տեղի ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում: «Վրաստանի կարողությունների մոբիլիզացում և ամրապնդում՝ հաշվետվողականության, դիմադրողականության և անկախության կառուցման համար» ակտին աջակցեցին 41 կոնգրեսմեն:
Կոնգրեսը որոշեց հաստատել ակտը այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանն ընդունեց այսպես կոչված «ռուսական օրենքը», որը հակասում է արևմտյան արժեքներին: Ակտում, այլ բազմաթիվ մանրամասների թվում, նշվում է նաև, որ կկատարվի այն անձանց նույնականացում, ովքեր Վրաստանում քանդում են ժողովրդավարությունը, և նրանց նկատմամբ կսահմանվեն պատժամիջոցներ և ճանապարհորդության արգելքներ: Բացի այդ, Վրաստանում ժողովրդավարական միջավայրի մոնիտորինգի և աջակցության նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, հատկապես ընտրությունների ժամանակ, որպեսզի ապահովվեն արդար և ազատ ընտրական գործընթացներ:
«ԱՄՆ-ն արդեն դադարեցրել է վրացական բանակի ուսուցումները, և այս ակտի հաստատումը նշանակում է, որ կդադարեցվեն այլ ծրագրեր ևս, որոնք կազդեն գրեթե բոլոր ոլորտների վրա, այդ թվում՝ ուսուցիչների, գյուղատնտեսության, բժշկության և այլն: Հենց այս ակտը ուժի մեջ մտնի, յուրաքանչյուր մարդ կզգա սեփական կառավարության չարագործ գործողությունների արդյունքը: Այս իրավիճակում կառավարությունն իրեն այնպես է պահում, կարծես ոչինչ չի պատահել»,- այսպես է արձագանքում ընթացիկ իրադարձություններին և Արևմուտքի արձագանքին երկրի նախկին պաշտպանության նախարար և «Քաղաքացիական գաղափարի» ղեկավար Թինա Խիդաշելին:
Թինա Խիդաշելիի խոսքով՝ սա միայն սկիզբն է, և ոչ միայն Ամերիկայի կողմից. Եվրոպայի բոլոր երկրներում այս գործընթացներն ունենալու են շղթայական ռեակցիա, և վերջնական արդյունքում Վրաստանը դառնալու է միայն ռուսական երկիր: Այդ իրավիճակի միակ ելքը Խիդաշելին համարում է իշխանության փոփոխությունը հոկտեմբերի 26-ի ընտրություններում:
Վերջին իրադարձությունների մասին խոսում է Ախալցխայում տեղի ոչ կառավարական կազմակերպության՝ «Ախալցիխեի երիտասարդական կենտրոնի» տնօրեն Մակա Սուդաձեն ևս:
«Այս օրենքը մեզ արդեն վնասել է, և ասում են, որ դեռ ամեն ինչ առջևում է: Սա, կառավարության կողմից, ժողովրդի հանդեպ մեծ վնասարարություն է: Ամենավատն այն է, որ կառավարությունն ապացուցում է, թե «ռուսական օրենքը» լավն է, մինչդեռ ամբողջ միջազգային հանրությունը ասում է, որ այն խախտում է ժողովրդավարական սկզբունքները»,- ասում է Մակա Սուդաձեն:
Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, թե որքան ժամանակ, կամ ինչ ձևով կշարունակի աշխատել «Ախալցիխեի երիտասարդական կենտրոնը», Մակա Սուդաձեն դեռ չգիտի, բայց գիտի, որ պայքարելու է:
Չնայած տասնյակ հազարավոր քաղաքացիների, հասարակական և մեդիա կազմակերպությունների հակազդեցությանը, Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը մայիսի 14-ին, իսկ մայիսի 28-ին հաղթահարեց Վրաստանի նախագահի վետոն։ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների պնդմամբ, այս օրենքի նպատակը օտարերկրյա ֆինանսավորումների թափանցիկությունն ապահովելն է:
Օրենքի համաձայն, այն լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են օտարերկրյա դոնորներից, ստիպված են գրանցվել որպես «օտարերկրյա ուժի շահերը կրող կազմակերպություններ», հակառակ դեպքում՝ կտուգանվեն: Նման օրենքը գործում է Ռուսաստանում 2012 թվականից, որը բազմաթիվ կազմակերպությունների փակման պատճառ է դարձել։ Ռուսաստանում այլևս չկան անկախ լրատվամիջոցներ և քաղաքացիական հասարակություն:
Այսպես կոչված «ռուսական օրենքի» ընդունման պատճառով ԱՄՆ-ն սահմանել է պատժամիջոցներ կառավարության ներկայացուցիչների նկատմամբ։