Սամցխե-Ջավախեթիում կայծակի հարվածից 40-ամյա տղամարդ է մահացել
Ասպինձայում, Օթա գյուղի մոտակայքում կայծակի հարվածից մեկ մարդ է մահացել, ևս մեկը՝ վիրավորվել։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Օթա գյուղի անտառում։ Տեղացիների խոսքով, երկուսն էլ Օթա գյուղի բնակիչներ են։ Կայծակի հարվածից 40 տարեկան Ջ.Կ.-ն տեղում մահացել է։ Իսկ Ֆ.Մ.-ին շտապօգնության խումբը տեղափոխել է Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց։
«Երկուսով էին, մեկը տեղում մահացել է, մյուսը նույնպես կորցրել էր գիտակցությունը, բայց երբ շտապօգնությունը նրան հիվանդանոց էր տեղափոխում, գիտակցությունը վերականգնվել է, այժմ հետազոտություններ են անցկացնում։ Ուժեղ անձրև չէր եղել, ընդամենը 10 րոպե անձրևեց, սակայն ձայնը սարսափելի էր»,- պատմում է տեղի բնակիչներից մեկը։