Վոլոդիմիր Զելենսկին հրաման է արձակել, որն արգելում է Վրաստանի 20 քաղաքացիների մուտքն Ուկրաինա, բիզնես վարել, գույք ձեռք բերել, ինչպես նաև սառեցնել ֆինանսական ակտիվները։ Այս մասին տեղեկությունը հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ըստ լրատվամիջոցների՝ սահմանափակումներ են մտցվելու Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի և այլ անձանց նկատմամբ։
«Քիչ առաջ հրաման եմ ստորագրել՝ գործողության մեջ դնելու Ազգային անվտանգության խորհրդի պատժամիջոցների մասին որոշումը։ Այդ պատժամիջոցները կկիրառվեն Վրաստանի կառավարության կողմից, որը Վրաստանը կհանձնի Պուտինին։ Ուկրաինան պատժամիջոցներ է կիրառել անձամբ Իվանիշվիլիի և նրա հանցակիցների նկատմամբ՝ 19 հոգու։ Նրանք են, ովքեր վաճառում են Վրաստանի և նրա ժողովրդի շահերը։ Մենք կոչ ենք անում Եվրոպային, Ամերիկային, աշխարհի բոլորին նույն կերպ վարվել, գործել սկզբունքորեն»,- իր խոսքում ասել է Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ ուշացած կամ անսկզբունքային գործողություններից հետո կարող են լինել տասնամյակներ կորցրած և ազատությունից զրկված երկրներ։
«Այս տարածաշրջանում ոչ ոքի չի կարելի կորցնել՝ ոչ Վրաստանը, ոչ Մոլդովան, ոչ Ուկրաինան»,- ասել է Զելենսկին
Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված կարգադրության մեջ ասվում է, որ պատժամիջոցներ կկիրառվեն Բիձինա Իվանիշվիլիի, Կախա Կալաձեի, Գիորգի Լիլուաշվիլիի, Միխեիլ Չինչալաձեի, Վախթանգ Գոմելաուրիի, Մամուկա Մդինարաձեի, Օթար Փարցխալաձեի, Իրակլի Ռուխաձեի, Լևան Մուրոսիձեի, Գիորգի Խաինդրավայի, Իրակլի Կոբախիձեի, Գիորգի Կոբախիձեի, Զվիադ Շալամբերիձեի, Շալվա Թադումաձեի, Թեա Ծուլուկիանիի, Իրակլի Քարսելաձեի և Կախա Բեքաուրի նկատմամբ:
Ցուցակում ընդգրկված անձանց տասը տարով կսառեցվեն Ուկրաինայում նրանց ֆինանսական ակտիվները, կարգելվի Ուկրաինայում բիզնես վարել, կսահմանափակվի մուտքը Ուկրաինա, կչեղարկվեն վիզաները և արգելվելու է գույք և հողատարածք գնել Ուկրաինայում: