Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ դե ֆակտո պատժամիջոցներն արդեն գործում էին, և այդ ոչ պաշտոնական պատժամիջոցները գործում էին միայն այն պատճառով, որ այդ անձը չհրաժարվեց այս երկրի ազգային շահերից,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով՝ այսօրվա որոշումով իրականում ոչինչ չի փոխվել:
«Պարոն Բիձինա Իվանիշվիլին գտնվում էր դեֆակտո պատժամիջոցների տակ, և նրան երեք տարի շանտաժի էին ենթարկում գրեթե ֆորմալ պատժամիջոցներով։ Այժմ շանտաժի այս պատճառն էլ է վերացել։ Ես չգիտեմ, թե ինչն է օգնելու ընդդիմությանը: Իրականում ոչինչ չի փոխվել։ Փաստացի պատժամիջոցներն արդեն գործում էին, և այդ ոչ ֆորմալ պատժամիջոցները գործում էին միայն այն պատճառով, որ այս մարդը չհրաժարվեց այս երկրի ազգային շահերից։
Գիտեք, թե 2022 թվականին մեր երկրի մարտահրավերներն ինչպիսին էին, ինչ էին պահանջում թիմից, կոնկրետ ինչ էին պահանջում պարոն Բիձինա Իվանիշվիլիից, և հենց այն պատճառով, որ նա չէր հակադրվում մեր երկրի հիմնական, առանցքային շահերին, նախ դե ֆակտո պատժամիջոցներ գործարկեցին, և այժմ, վերջնական որոշում կայացվեց, որն էական ազդեցություն չունի։ Ընդհակառակը, այս որոշմամբ նրանց ձեռքից վերջնականապես սայթաքեց շանտաժի գործիքը։ Ահա թե արդեն երեք տարի է ինչով է զբաղվում այն ուժը, որը մենք անվանում ենք գլոբալ պատերազմի կուսակցություն: Ես շատ մեծ հույսեր ունեմ, որ ամեն ինչ կփոխվի այլ ուղղությամբ։ Սակայն իրականում ոչինչ չի փոխվել, ես քիչ առաջ զրույց եմ ունեցել պարոն Բիձինա Իվանիշվիլիի հետ, և նրա դիրքորոշումը ճիշտ նույնն է։ Ոչ մի առանձնահատուկ բան: Երեք տարի, պարզապես այն պատճառով, որ Բիձինա Իվանիշվիլին սպասարկում էր այս երկրի շահերը, նա դե ֆակտո պատժամիջոցների տակ էր։ Ոչ մի առանձնահատուկ բան, իրականում սա մրցանակ է մեր երկրի ազգային շահերը պաշտպանելու համար»,- ասաց վարչապետը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների դեպարտամենտը ֆինանսական պատժամիջոցներ է կիրառել «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։