Մեկնարկել է սոցիալապես անապահով անձանց զբաղվածության ծրագիրը
Մեկնարկել է հանրային աշխատանքներում զբաղվածության լայնածավալ ծրագիր,- ասվում է Վրաստանի առողջապահության նախարարության տարածած տեղեկատվության մեջ։
Նախագծի նպատակն է աշխատանքի տեղավորել սոցիալական նպաստ ստացող աշխատունակներին:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրային աշխատանքների շրջանակներում Զբաղվածության խթանման պետական գործակալությունում այս փուլում կա 14 382 թափուր աշխատատեղ, իսկ նոր թափուր աշխատատեղերի գրանցումը շարունակվում է։
«Հանրային աշխատանք նշանակում է աշխատանք այնպիսի թափուր պաշտոնում, որը կարող է զբաղեցնել ցանկացած որակավորում ունեցող անձ, իսկ աշխատանք տրամադրողները պետական գերատեսչություններն ու տեղական ինքնակառավարման մարմիններն են։
Զբաղվածության ծրագրին ընդգրկվելու համար շահառուները կարող են դիմել Սոցիալական ծառայությունների կամ զբաղվածության խթանման պետական գործակալության սպասարկման կենտրոններ։ Ծրագրի շահառուներն են 18 և բարձր տարիքի աշխատունակ անձինք, որոնց ընտանիքի վարկանիշային միավորը չի գերազանցում 120 000-ը և ստանում են նպատակային սոցիալական աջակցություն։
Զբաղվածության ծրագրում ընդգրկված անձի սոցիալապես անապահովի կարգավիճակը չորս տարով երաշխավորվելու է, նրան կից դրամական և ոչ դրամական արտոնություններով։ Այս ընթացքում սոցիալ-տնտեսական կարգավիճակը չի ստուգվելու»,- ասացին առողջապահության նախարարությունից։
Գերատեսչության տվյալներով՝ հասարակական աշխատանքներում ներգրավված շահառուները, բացի սոցիալական օգնությունից, կստանան նաեւ լրացուցիչ ֆինանսական նպաստներ, որոնք հաշվարկվում են ըստ աշխատած ժամերի եւ կազմում են 300 լարի։
«Հասարակական աշխատանքների կատարման համար տրված գումարը սոցիալական վճար է, որը չի հարկվում։ Հասարակական աշխատանքով զբաղվելու փոխարեն շահառուն կարող է աշխատանքի ընդունվել աշխատաշուկայի այլ թափուր աշխատատեղերում։ Սոցիալապես անապահով անձը կընդգրկվի զբաղվածության ծրագրում, եթե նույնիսկ նա ոչ ֆորմալ աշխատում է։ Վերոնշյալ դեպքերում սոցիալական օգնություն ստացողի կարգավիճակը չի ստուգվի։
Եթե սոցիալապես անապահով անձը չի ցանկանում աշխատանքի ընդունվել, ապա նրա սոցիալ-տնտեսական վիճակը կորոշվի տարեկան ստուգման արդյունքներով։ Սակայն ընդունված որոշումը կարող է փոփոխվել ցանկացած պահի։
Ծրագրին մասնակցել ցանկացողները, հավելյալ տեղեկությունների համար կարող են զանգահարել նախարարության թեժ գիծ՝ 15 05 հեռախոսահամարով»,- ասացին առողջապահության նախարարությունից։