«Վրաստանի հարկային օրենսգրքում» մտցվում են փոփոխություններ
«Վրաստանի հարկային օրենսգրքում» մտցվում են փոփոխություններ։ Նախագիծը կքննարկի ֆինանսաբյուջետային կոմիտեն։ Ինչպես գրված է բացատրական քարտում, Վրաստանի հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է խաղային բիզնեսի և ծխախոտի արդյունաբերության ոլորտում որոշակի հարցերի կարգավորման անհրաժեշտությամբ։
Փաստաթղթի համաձայն, շահութահարկը ներկայիս 15%-ից կհասցվի 20%-ի այն ընկերությունների համար, որոնք ունեն առցանց մոլախաղերի լիցենզիա։
«Օրինագծով ֆիզիկական անձի կողմից խաղային մեքենաների սրահ հիմնելուց և/կամ համակարգային-էլեկտրոնային ձևով մոլախաղերի կազմակերպումից ստացված հարկվող եկամուտը, բացառությամբ համակարգային-էլեկտրոնային ձևով կազմակերպված մոլախաղերին օտարերկրյա պետությունների քաղաքացիների մասնակցության արդյունքում 15 տոկոս դրույքաչափի փոխարեն հարկվելու է 20 տոկոս դրույքաչափով», – գրված է բացատրական քարտում:
Բացի այդ, աճում է առանձին ծխախոտային արտադրանքի ակցիզային տուրքի դրույքաչափը։ Խոսքը ծխախոտի մեկ տուփի ակցիզը 20 թեթրիով բարձրացնելու մասին է՝ 1,70 լարիից հասցնելով 1,90 լարիի։ Իսկ տաքացվող ծխախոտի արտադրանքի ակցիզային դրույքաչափը կբարձրանա 15 թեթրիով՝ հասնելով 1,85 լարիի։
«Առանձին ծխախոտային արտադրանքի ակցիզային դրույքաչափը բարձրացվում է 15/20 թեթրիով և սահմանվում է 1,9 լարի 20 հատիկի համար, սիգարի համար՝ 2,1 լարի, սիգարիլոսի 20 հատիկի համար 2,4 լարի, տաքացվող ծխախոտի 20 հատիկի համար 1,85 լարի»,- նշված է փաստաթղթում։
Ըստ օրենքի նախագծի բացատրական քարտի՝ շահումով խաղերի ուղղությամբ փոփոխության արդյունքում բյուջե կմտնի լրացուցիչ 115 մլն լարի։ Իսկ ծխախոտի ակցիզային հարկից ստացված եկամուտից երկրի գլխավոր գանձարանը կստանա գրեթե 77 մլն լարի։