Կոնկրետ անձինք ճնշում են գործադրում դպրոցների վրա - Կրթության նախարարություն
Կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը հայտարարություն է տարածել։
Նախարարության տվյալներով, կոնկրետ անձինք ճնշում են գործադրում դպրոցների վրա և խանգարում են ուսումնական գործընթացի բնականոն ընթացքին։
«Մենք արձագանքում ենք վերջին օրերին սոցիալական ցանցերի և որոշ լրատվամիջոցների միջոցով դպրոցների, ուսանողների, աշակերտների և ամբողջ դպրոցի համայնքի դեմ իրականացվող հոգեբանական բռնության քարոզչությանը։ Մենք չենք ընդունում այն գործընթացները, որոնք տեղի են ունենում կրթական հաստատություններում։
Ցանկանում ենք հասարակությանը տեղեկացնել, որ կոնկրետ անձինք ճնշում են դպրոցներին՝ ներխուժելով կրթական հաստատությունների տարածք և կոչ անում ղեկավարությանը, ուսուցիչներին ու աշակերտներին գործադուլների, շահարկում են հակառակությունների սերմանման հարցերում։ Ավելին, նման գործողությունները խախտում են անչափահասների ընդհանուր կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը և ստեղծում են բռնության միջավայրի հիմք։ Հատկապես կարևոր է, որ դպրոցներում ուսումնական գործընթացը շարունակվի առանց խոչընդոտների, որպեսզի ապահովվի աշակերտների կրթության հասանելիությունը և պաշտպանվի յուրաքանչյուր երեխայի անվտանգությունը, իրավունքները և շահերը։
Մեր պարտավորությունն է՝ երեխաները կրթություն ստանան անվտանգ, խտրականությունից ազատ միջավայրում, որտեղ նրանք չեն ենթարկվի որևէ տեսակի հոգեբանական ճնշման։ Ուստի, յուրաքանչյուր երեխայի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և նրանց լավագույն շահերի հաշվի առնումը նկատի ունենալով՝ կոչ ենք անում բոլորին՝ միտված չլինել աշակերտների իրավունքների խախտմանը, չխանգարել դպրոցների գործունեությանը և ուսումնական գործընթացի բնականոն ընթացքի պահպանմանը», - ասված է հայտարարության մեջ։